
Արմավիրի մարզում տարիներ առաջ հիմնանորոգված մի շարք ճանապարհներ քանդվել են ավազով գերբեռնված մեքենաների պատճառով, ինչը դժվարացրել է տեղի բնակիչների երթևեկը։ Պետբյուջեի միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով մարզի մի շարք գյուղական ճանապարհները բարեկարգվում են, բայց բնակիչները մտավախություն ունեն, որ դրանք ևս շուտ կքանդվեն, քանի որ ավազահանքի բեռնատարները փոխել են ուղղությունն ու այժմ էլ նորոգված ճանապարհներով են անցնում: Գյուղացիները միաժամանակ դժգոհում են Մրգաշատի կամրջի հիմնանորոգման ձգձգումից:
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ավազահանքերի պակաս չկա, ամենուր ավազաբլուրներ են ու ավազով բեռնված մեքենաներ, որոնց գերբեռնվածության հետևանքով վնասվում ու քանդվում են այդ բնակավայրերի ճանապարհները: Մրգաշատ գյուղից Արևիկ տանող ճանապարհը հիմնանորոգվել էր 9 տարի առաջ՝ ասում է Արևիկ գյուղի բնակիչը:

«2016թ-ին են սարքել ճանապարհը, բայց հիմա լրիվ քանդված է: Ավազահանքի ավտոմեքենաներն են ամբողջը քանդել: Ճանապարհի երկու կողմն էլ քանդված է, որովհետև նեղ է ճանապարհը: Եղեգնուտ գնացող ճանապարհն էլ է երկկողմանի քանդված»:
Քանդված ճանապարհով բնակիչները քիչ են երթևեկում, մեքենաները շարքից շուտ են դուրս գալիս: Այդ ճանապարհով Արևիկից Արմավիր քաղաք 6 կմ է, բայց տեղացիները նախընտրում են կրկնակի երկար, բայց նորոգված ճանապարհով անցնել:

«Հիմա էս Արմավիրի ճանապարհն են սարքել, էդ կողմով են գնում մեքենաները: Այդ ճանապարհը սարքել են անցած տարի: Հիմա Արևիկից Արմավիր գյուղով դուրս են գալիս Հայկավանի ճանապարհն ու գնում Արմավիր։ Ճանապարհը երկարում է, տաքսին էլ շատ է փող ուզում՝ 2000 դրամ: Իսկ այս կողմով՝ Մրգաշատով, երբ սարքին էր ճանապարահը՝ 1000 դրամ էին վերցնում: Հիմա չեն քշում էդ կողմով, ինչու պիտի ջարդեն իրենց մեքենաները»:

Մարդատար մեքենաների երթևեկության ուղղությունը փոխվել է, փոխվել է նաև ավազահանք տանող ու դուրս եկող մեքենաների ուղղությունը: Հանքանյութով գերբեռնված մեքենաները նույնպես անցնում են նորոգված ճանապարհով: Բեռնատարների շարժը չի պակասում: Բնակիչները մտավախություն ունեն, որ այս նոր ճանապարհն ավազահանքի բեռնատարների պատճառով կարող է շուտ վնասվել:

Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհը նույնպես քանդվել է ավազով բեռնված մեքենաների պատճառով: Ճանապարհն անցնում է 8 գյուղով, և այդ ուղղությամբ ուղևորները շատ են: Նրանցից մեկը պատմում է:

«Ավելի քան 10 տարի առաջ էր վերանորոգվել այս ճանապարհը, բայց շարքից շուտ դուրս եկավ: Բեռնատար մեքենաների պատճառով է շարքից դուրս գալիս, որովհետև չափից շատ են բարձում: Ճանապարհը շատ անհարթ էր, քանդված, և շատ դժվար էր երթևեկության համար: Ե՛վ մեքենաներն էին վնասվում, և՛ տրանսպորտը: Եղել է պահ, որ խորդուբորդ ճանապարհին նույնիսկ տրանսպորտի անվադողերն են վնասվել»:

Ճանապարհային դեպարտամենտն այս տարի հիմնանորոգում է Նորապատ-Արգավանդ -Վարդանաշեն հանրապետական ճանապարհը: Աշխատանքները սկսել են հունիսից: Զրուցակիցս ակամայից ամեն օր հետևում է ճանապարհաշինությանը:

«Ներկա պահին բետոնապատման աշխատանքները հասել են Տանձուտ, իսկ ասֆալտի առաջին շերտը արել են մինչև Արգավանդ գյուղի դպրոցի մոտ: Հիմա արդեն Արազափ գյուղից սկսել են ասֆալտի 2-րդ շերտի աշխատանքները: Ճանապարհը հարթեցվել է, բայց դեռ վաղ է ասել՝ ինչ որակի է»:
Ճանապարհի նորոգումն ավարտվելու է Ալաշկերտ-Նորապատ հատվածում՝ պետության ֆինանսավորմամբ:
Ճանապարհային դեպարտամենտը տևական ժամանակ հիմնանորոգում է նաև Մրգաշատ գյուղի կամուրջը, որը գյուղը կապում է Երևան-Արմավիր միջպետական ճանապարհին: Սա Մրգաշատի և հարակից գյուղերի համար մարզկենտրոն ու մայրաքաղաք հասնելու ամենակարճ ճանապարհն է: Կամրջի շինարարությունը դժվարացրել է այդ ուղղությամբ երթևեկությունը, և դրանից շատ են տուժում ուսանողները՝ ասում է մրգաշատցի զրուցակիցս:

«Սարսափելի վիճակ է այսօր ուսանողական միջավայրում, որովհետև այդ երեխաները, որ պետք է Մրգաշատի կամրջով դուրս գային մայրուղի և Քարակերտի, Արգինայի, Ջանֆիդայի Երևան գնացող տարբեր փոխադրամիջոցներով հասնեն Երևան, գոնե կամրջով իջնում էին մայրուղու վրա: Բայց հիմա հասնում են Արմավիր, սպասում այնտեղ, դա և՛ ժամանակի կորուստ է, և՛ կրկնակի ֆինանսական»:
Մրգաշատցիները կարևորում են կամրջի հիմնանորոգումը, բայց դժգոհում են աշխատանքների ձգձգումից, ինչն անհարմարություններ է ստեղծել իրենց համար, և հարկադրված են հողային ճանապարհով շրջանցել կամուրջը՝ ասում է զրուցակիցս:

«Իսկ այդ կամուրջը երբ է սարքվելու՝ չգիտենք: Մենք մրգաշատցիներով անվերջ գնում-գալիս ենք, նայում ենք. ոնց կիսաքանդ վիճակում կա, այդպես էլ «ուղտը տեղից չի շարժվում»: Բոլորս սթրեսի մեջ ենք, չհաշված, որ բոլոր մեքենաները փչանում են էդ քանդած, փոշոտ կամրջի տակով գնալ-գալով»:
Մրգաշատի կամուրջը հիմնանորոգվում է բյուջեի միջոցներով, ամրացվել են հիմքերն ու հենասյունները, փոխվելու են հեծանները, հետո կասֆալտապատվի։




