
Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բուդապեշտ կատարած այցի ընթացքում չի ձերբակալվի Միջազգային քրեական դատարանի օրդերով։
Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ Հունգարիան «հարգանքով կընդունի Պուտինին» և կապահովի նրա անվտանգ այցն ու վերադարձը՝ առանց ԵՄ երկրների հետ համակարգման։
Նախարարն ընդգծել է, որ Հունգարիան ինքնիշխան երկիր է և ինքնուրույն է որոշում իր դիվանագիտական քայլերը։
Մի քանի ժամ առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել էր, որ Հունգարիան «ամբողջ թափով» պատրաստվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում կայանալիք հանդիպմանը։
«Հունգարիան խաղաղության կղզի է», — գրել էր նա X սոցիալական ցանցում։
Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանագիր է արձակել դեռևս 2023 թվականին։
Հինգշաբթի, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել են հանդիպել Բուդապեշտում: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «անհապաղ» կսկսեն նախապատրաստվել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների նոր հանդիպմանը, որը կարող է տեղի ունենալ Հունգարիայի մայրաքաղաքում: «Սա իսկապես կարևոր պահ է»,- նշել էր նա:




