
Հրադադարից հետո Գազայի հազարավոր բնակիչներ վերադառնում են իրենց տները, և նրանցից շատերն արդեն գիտեն, որ իրենց բնակավայրերը վերածվել են փլատակների։
Գազայում բնակարանների, ենթակառուցվածքների և հաստատությունների վերականգնումը հսկայական խնդիր է։ BBC-ի փոխանցմամբ՝ պատերազմի պատճառած վնասը ՄԱԿ-ը գնահատում է 70 միլիարդ դոլար։
«Սա ավելի վատ է, քան զրոյից վերականգնումը։ Այստեղ մենք պետք է սկսենք ավերակներից», — ասել է Լոնդոնի Քինգս քոլեջի Մերձավոր Արևելքի փորձագետ, պրոֆեսոր Անդրեաս Կրիգը։ Գազայի վերականգնումը անխուսափելիորեն պետք է սկսվի ավերակների մաքրմամբ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Պաղեստինի ներկայացուցիչ Ջակո Սիյեի խոսքով՝ Գազայի հատվածի կառույցների մոտավորապես 84%-ը ավերվել է, իսկ որոշ տարածքներում, ինչպիսին Գազա քաղաքն է՝ 92%-ը։
ՄԱԿ-ի արբանյակային կենտրոնի՝ Unosat-ի տվյալներով՝ պատերազմի երկու տարիների ընթացքում Գազայի հատվածում ավերվել կամ վնասվել է 283,000 տուն և բնակարան։ Այս գնահատականը դեռևս չի ներառում Գազա քաղաքում վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքները, այդ թվում՝ Շեյխ Ռադվանում տեղի ունեցած ավերածությունները։
Գազայի բնակիչների համար նաև հրատապ խնդիր է մաքուր ջուրը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ջրամատակարարման և կոյուղու 600 ենթակառուցվածքների ավելի քան 70%-ը ոչնչացվել է։




