
Պետական ծանուցումները կդառնան էլեկտրոնային։ Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիների և բիզնեսի հետ կապ հաստատելիս թղթային ծանուցումներից կանցնեն գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափի։ Նպատակն է պարզեցնել գործընթացները, նվազեցնել ծախսերն ու ժամանակը։
Ներկայումս ծանուցումների մեծ մասն իրականացվում է փոստային առաքմամբ, ինչը ոչ միայն ծախսատար է, այլև հաճախ անարդյունավետ՝ կապված հասցեների փոփոխության և այլ խնդիրների հետ։
Առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է էլեկտրոնային ծանուցման պարտադիր և առաջնային եղանակ.
- Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ծանուցումները կստանան Հարկային օրենսգրքով նախատեսված՝ հարկային մարմնի հետ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի իրենց անձնական էջում։ Նրանք պատշաճ ծանուցված կհամարվեն ծանուցումը համակարգում տեղադրելուց երեք օր հետո։
- Ֆիզիկական անձինք ծանուցումները կստանան իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։ Անձը պատշաճ ծանուցված կհամարվի այն պահից, երբ մուտք գործի իր պաշտոնական էլեկտրոնային փոստ։
Եթե ֆիզիկական անձը ծանուցումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում մուտք չի գործում իր էլեկտրոնային փոստ, ապա ծանուցումը կուղարկվի նրա հաշվառման հասցեով՝ պատվիրված նամակով (հիբրիդային փոստի միջոցով)։ Եթե դրանից հետո ևս յոթ օրվա ընթացքում նամակը չի հանձնվում, ապա ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և անձը կհամարվի պատշաճ ծանուցված։
Նույն կերպ, եթե իրավաբանական անձը կամ Ա/Ձ-ն երեք օրում մուտք չի գործում իր էլեկտրոնային հասցե, ծանուցումը կհրապարակվի azdarar.am-ում և հինգերորդ օրը կհամարվի պատշաճ ծանուցված։
Քաղաքացիները կարող են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով համաձայնություն տալ՝ բոլոր ծանուցումները ստանալու բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստով։ Այս դեպքում նրանք պատշաճ ծանուցված կհամարվեն ծանուցումն ուղարկելուց երեք օր հետո՝ անկախ նրանից՝ բացե՞լ են նամակը, թե՞ ոչ։




