ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռը դատապարտել է Արագածոտնի թեմի հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը

Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի, նշված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։

Մայր Աթոռը քրեական հետապնդումը որակել է «ապօրինի»։

«Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսա-արարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը»։

Միաժամանակ, հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ է արվում չտրվել սադրանքներին եւ ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Կարդացեք նաև

Back to top button