
Առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելու և գրանցելու էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն այսօր քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ նախաձեռնությունը կառույցի աշխատանքը թվայնացնելու տրամաբանության մեջ է, նպատակը գործարքներն ավելի արագ, մատչելի և անվտանգ դարձնելն է։
Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մի մասը թվայնացնել։ Յուրաքանչյուր քաղաքացի, նույնականացվելով էլեկտորանյաին համակարգում, կկարողանա մուտք գործել անձնական գրասենյակ և առցանց եղանակով ստորագրել առուվաճառքի կամ այլ պայմանագիր՝ ասում է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Նախագիծը նախատեսում է մեկուկես տարվա փորձնական փուլ, որի ընթացքում կթեստավորվեն համակարգի տեխնիկական և իրավական բաղադրիչները։
«Նախատեսել ենք որոշակի դեպքեր, երբ ինքնաշխատ իրավունքի պետական գրանցումը չի կարող կատարվել։ Սա այն դեպքում, երբ միասնական տեղեկություն են վերցնում, որպեսզի մտնեն գործարքի մեջ կողմերը։ Եթե միասնական տեղեկությունը վերցնելուց հետո կադաստրի գործին որևէ նոր փաստաթուղթ է կցվել, ապա այս գործընթացը կլինի սովորական ընթացակարգով, այսինքն՝ ռեգիստրը կուսումնասիրի և որոշում կկայացնի»։
Պայմանագրի կնքումից անմիջապես հետո համակարգն ավտոմատ կերպով կգեներացնի գրանցման վկայականը՝ առանց հավելյալ վճարների կամ սպասման ժամկետի՝ ասում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Նրա խոսքով՝ e-cadastr.am կայքում անձնական գրասենյակն արդեն բացված է։
«ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն թվային ստորագրություն, կարող են մեր համակարգի միջոցով գործունեություն ծավալել։ Սա գալիս է ի լրումն դրան, երբ քաղաքացիները մուտք գործեն համակարգ, այնտեղ, բացի այդ գործիքակազմից, որ այսօր ներդրված է, կտեսնեն նաև նոր պայմանագրեր»։
Կադաստրի կոմիտեի նախագահի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է գործարքների պարզեցմանը, ծախսերի նվազեցմանը և ծառայությունների մատուցման արագացմանը։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը հարցն այլ տեսանկյունից է դիտարկում։ Թվային ծառայություններն ավելանում են, և դրան պետք է պատրաստ լինել՝ ասում է Բաբկեն Թունյանը։
«Ծառայություններից օգտվելու համար մարդը գոնե պետք է մեկ անգամ նույնականացվի, նույնականացվելու համար պետք է ունենա esim կամ ID քարտ։ Սա ինչի՞ համար եմ ասում։ Վերջին օրերին, երբ խոսում ենք եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցման մասին, քննադատություններ էին հնչում, որ սա անարդար է հատկապես նրանց նկատմամբ, ովքեր արդեն քարտ ունեն։ Փոփոխությունը ցույց է տալիս, որ ID քարտն ու էլեկտրոնային ստորագրությունը միայն հայտարարագրման համար չեն։ Մարդը հենց իր հարմարավետության համար, անհրաժեշտությունից ելնելով, տարբեր իրավիճակներում այդ ստորագրության կարիքն ունենալու է»։
«Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն ընդգծում է՝ առաջարկը լավն է, ոլորտում խնդիրների մի մասը լուծվում է, բայց ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հարցը շարունակում է արդիական մնալ։
«Բավական անիմաստ կարգավորումներ և ընթացակարգեր կան, որոնց հետևանքով տուժում է և՛ պետությունը, և՛ համայնքը, և՛ քաղաքացին, և չի շահում, ըստ էության, որևէ մեկն այդ խնդիրը չի լուծում»։
Կադաստրի կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ հարցը բազմաշերտ է, և պետք է տարբերել մինչև 2005 թվականը կատարված՝ իրավունքի պետական գրանցումները և դրանից հետո առաջացած դեպքերը։ Մինչև 2005 թվականը ինքնակամ շինությունները հաճախ օրինականացվել են առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչը գործող օրենսդրությամբ չի թույլատրվում։ Այժմ հարցը կարգավորվում է համայնքների գլխավոր հատակագծերով՝ ասում է Թովմասյանը։
«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք բաց են թողել իրենց շինությունների օրինականացման ժամկետը կամ մոռացել են, հնարավորություն կունենան հաշվառելու այդ շինությունները։ Սա կլինի ևս մեկ հնարավորություն իրավական դաշտ բերելու տարիներ շարունակ անորոշ վիճակում գտնվող գույքը»։
Կադաստրի կոմիտեի նախագահի խոսքով՝ ինքնակամ շինությունների հաշվառման նոր փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն։ Հաստատումից հետո կներկայացվի Ազգային ժողով կարգավորումների նոր փուլ ապահովելու համար։




