
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ վերջինս մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
«Վարչապետը չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և երեկ արված կեղծ հայտարարությունների պատճառով», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին։ Նա նաև Ռուսթավելի պողոտայից տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում։
ԵԱՀԿ գործող նախագահը Թբիլիսի է ժամանել հոկտեմբերի 14-ին և հանդիպում ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։




