ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղությունը կա, մթնոլորտը դեռ պատրաստ չէ

Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն ներկայացվում են որպես լավ ընկերներ։ Այդպես էր, օրինակ, Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովում, որտեղ հերթական անգամ ԱՄՆ-ի նախագահը շտապեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ներկայացնել որպես «հաջողության պատմություն»։

Թրամփն անգամ նշել է, որ 32 տարվա հակամարտությունը հաջողվել է լուծել մեկ ժամում։ Այս ամենով հանդերձ, կուտակված շատ խնդիրներ դեռ սպասում են լուծման, առանց որի կայուն խաղաղություն դժվար կլինի կառուցել։

Զգայուն հարցերի մասին վերջերս խոսել էր նաև Հայաստանի վարչապետը։ Փաշինյանի կարծիքով՝ հաստատված խաղաղությունը բարենպաստ միջավայր կստեղծի, որից հետո աստիճանաբար պետք է անցնել այլ զգայուն հարցերի, այդ թվում՝ հասարակությունների նախապատրաստմանը։

Հայաստանի հասարակական և քաղաքական տարբեր շերտերի ներկայացուցիչներ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին են փոխանցել իրենց դժգոհությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված հորդորը՝ ՄԱԿ-ի աշխատանքն անաչառության և արդարության սկզբունքներին վերադարձել։  

Հայաստանում աղմուկ են բարձրացրել 2025-ի փետրվարի 17-ին ՄԱԿ-ի համապատասխան հանձնախմբի ուսումնասիրությունը և եզրակացությունը։ Այդ փաստաթղթով ՄԱԿ-ը գնահատական է տվել Ադրբեջանի կողմից հայ գործիչներին, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու փաստին։ Այս հարցում շահերի բախում է նկատել Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, և հենց դա են վկայակոչում բողոքի ակցիայի մասնակիցները՝ պահանջելով կառույցից նոր և անաչառ զեկույց։ Դժգոհություն հայտնողների շարքում էր նաև Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ներկայացրել են իրենց եզրակացությունը Ռուբեն Վարդանյանի հետ կապված, իբր այդ կալանավորումը եղել է ոչ կամայական։ Դա նշանակում է, որ իրենք արդարացրել են Ալիևի ռեժիմի քայլերը և համարում են, որ դա օրինական կալանավորում է եղել։ Վերջերս Լուիս Օկամպոն բաց աղբյուրներից պարզել է, որ այդ տիկինը` Յոհաննա Յուտկիվսկան, ունի SOCAR կառույցի հետ սերտ կապեր։ Նրա ամուսինը ադրբեջանական արմատներով մի անձնավորություն է, որն Ուկրաինայում հասարակական գործունեությամբ է զբաղված, և այդ պարագայում պարզ է դառնում, որ Ադրբեջանը, նույն Ալիևը, կարողացել է նրանց գնել, և նրանք արել են այն, ինչ դեմ է ՄԱԿ-ի կանոնակարգին։ Անձը, որը ունի որևէ հարաբերություն այս կամ այն կողմի հետ, չի կարող լինել հանձնախմբի   ղեկավար։ Դրա համար մենք դիմում ենք պարոն Գուտերեշին, որ իրենք հավատարիմ լինեն իրենց կանոններին, և մենք պահանջում ենք, որ այդ տիկնոջը հեռացնեն այդ հանձնախմբի կազմից և նոր հետաքննություն անեն»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները տարբեր հարթակներում շփվում են և միջազգային առաջնորդների հետ քննարկում են խաղաղության գործընթացը, Բաքվում շարունակվում են ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ դատավարությունները։ Այս պահին Ադրբեջանում պահվող 23 գերիներից 16-ի գործերով դատական լսումներն ընթանում են երկու տարբեր դատավարությունների շրջանակում։ Դրանցից մեկով առանձին անցնում է Ռուբեն Վարդանյանը, մյուսով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 7 պաշտոնյա և 8 անձ, որոնք անմիջականորեն մասնակից են եղել ռազմական գործողությունների։

Մյուս ռազմագերիներն արդեն դատապարտվել են 15-20 տարվա ազատազրկման։  

Միջազգային իրավունքի մասնագետ Եղիշե Կիրակոսյանը Բաքվի գործողությունները խաղաղության գործընթացին հակասող է համարում։ Մասնագետը Բաքվի դատավարությունները միակողմանի ճշմարտություն պարտադրելու փորձ է դիտարկում՝ իր հնարավոր հետևանքներով։

«Իմ անձնական և մասնագիտական ընկալմամբ՝ առհասարակ խաղաղությունն առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում առհասարակ խաղաղության տրամաբանությունը, հատկապես գերեվարված անձանց վերադարձի մասով։ Ինչո՞ւ են Ժնևյան կոնվենցիաները նախատեսում գերիների անհապաղ վերադարձի պարտավորություն նաև հակամարտող կողմերի միջև։ Հենց ամբողջ փիլիսոփայությունը դրա մեջ է դրված, որ երբ դու դադարեցնում ես ռազմական գործողությունները, պարտավոր ես արագ վերադարձնել պահող անձանց, ու դա հենց այդ խաղաղության կարևոր կոմպոնենտներից մեկն է»։

Բաքվում հայերի նկատմամբ  դատավարությունների անաչառությունը միջազգային տարբեր կառույցների և մասնագետների կողմից բազմիցս է հարցականի տակ դրվել։

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին դատական նիստին հրապարակվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, քննարկվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Գոյամարտ» հաղորդաշարը։ Փաստաթղթերից մեկն էլ վերաբերել է «Կռունկ կոմիտե» հասարակական-քաղաքական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը։ Դատավարության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծման, կազմավորման վերաբերյալ մի շարք տեղեկություններ: Նաև հրապարակվել են ՀՀ զինված ուժերին պատկանող մի շարք փաստաթղթեր: Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 16-ին:

Բաքվում պահվող հայերի մեծ մասն Ադրբեջանի կողմից գերեվարվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ առավել մեծ թվով՝ 2023 թվականին։

Խաղաղության հաստատումը կարևոր հանգամանք է Բաքվում պահվող հայ գերիների խնդրի լուծման համար՝ Երևանում ասել է «Ավրորայի» համահիմնադիր, գործարար Նուբար Աֆեյանը։

«Արդեն երկու տարի է՝ մենք բավական գործ ենք տանում, և հնարավորինս շատ բան ենք անում՝ թե այլ երկրների ղեկավարները, և թե այստեղի կառավարությունը ուշադրություն տակ են պահում։ Հուսով եմ, որ կհաջողենք։ Ես գիտեմ, որ նյութը կարևոր է և զանազան տարբեր երկրներն էլ այս հարցը բերում են խոսակցությունների մեջ։ Հուսով եմ, որ վերջիվերջո այս խաղաղության ընթացքին խաղաղություն և արդարություն կհաստատվի։ Հավատում եմ, որ խաղաղությունը կարևոր է»։

Մի քանի օր է՝ Լեհաստանի մայրաքաղաքում ընթանում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համաժողովը, որին մասնակցում են քաղհասարակության ներկայացուցիչներ նաև Հայաստանից և Ադրբեջանից։ Այնտեղի մթնոլորտն, ըստ հայ մասնակիցների, ապացուցում է, որ հասարակությունները դեռ շատ անելիքներ ունեն, և չլուծված շատ հարցեր կան։  

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ քննարկումներից մեկի ժամանակ երկար բանավիճել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, քանի որ նա իր ելույթում Մեղրիի շրջանի Նռնաձոր, նախկինում Նյուվադի գյուղը ներկայացրել է որպես Ադրբեջանի մաս։ Իոաննիսյանն այդպիսի դրսևորումները պետության կողմից աջակցվող քաղաքականության հստակ օրինակ է համարում և Հայաստանի դեմ տարածքային պահանջ։

Նման խնդիրների մասին շատ է խոսվել հատկապես «քսենոֆոբիան ու ռասիզմը» թեմայի քննարկումների ժամանակ։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը հիշեցրել է պետական մակարդակով խրախուսվող հայատյացության տարբեր օրինակներ՝ Ռամիլ Սաֆարովից և Հայաստանի տարածքում սահմանամերձ շրջաններում քաղաքացիներին սպանելուց մինչև չակերտավոր «էկո-ակտիվիստներ»։ Հանրային այս գործիչը պնդում է․

«Այս բոլոր, այսպես կոչված, ակտիվիստները ոչ թե դատապարտվել են, ոչ թե ինչպես հարկն է, քրեական պատասխանատվության ենթարկվել, այլ հերոսացվել և խրախուսվել են Ալիևի ռեժիմի կողմից։ Ցավոք, այս հայատյացության քաղաքականությունը շարունակվում է և չի դադարել անգամ հիմա, երբ խաղաղության համաձայնագիրն արդեն նախաստորագրված է։ Մինչդեռ չափազանց կարևոր է հասարակությունների միջև վստահության ձևավորումը։ Բայց դա հնարավոր կլինի միայն, եթե նման հանցագործությունները պատժվեն, այլ ոչ թե խրախուսվեն ու հերոսացվեն քրեական հանցագործները»։

Հանրային գործիչը պնդում է, որ իրական, երկարաժամկետ և կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դադարեցնի հայատյաց քաղաքականությունը և դադարի սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Կարդացեք նաև

Back to top button