
Եգիպտոսում անցկացվող Խաղաղության գագաթնաժողովը կրկին մեկ հարթակ է բերել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին։ Օրեր առաջ նրանք Դուշանբեում են շփվել, իսկ նոր շփումն արդեն Շարմ էլ Շեյխ քաղաքում էր։ Երկու ղեկավարներն էլ ստացել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հրավերը՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ Թեև գագաթնաժողովը կազմակերպվել էր՝ քննարկելու Գազայի ապագային առնչվող հարցեր, բայց կոնկրետ Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչներն աշխատանքներին չեն մասնակցել։ Ընդհանուր առմամբ գագաթնաժողովին մասնակցել է ավելի քան 20 երկրի ղեկավար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով հաստատված համարվող հերթական խաղաղության՝ Գազայի հարցով համաձայնագիրը Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային թեման էր։ Միացյալ Նահանգների և Եգիպտոսի նախագահները գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկել էին նաև Հայաստանին և Ադրբեջանին՝ որպես խաղաղության ճանապարհ անցնող պետությունների։
Փաշինյանն ու Ալիևը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակում շփման առիթը բաց չեն թողել և զրուցել են ոտքի վրա՝ սուրճ և ջուր ըմպելիս։ Ավելի ուշ նրանց զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի վերջին այսպիսի զրույցը Դուշանբեում էր երեք օր առաջ։ Սակայն պաշտոնական բնույթ կամ բանակցության կարգավիճակ այդ հանդիպումները չունեն։
Այն բանից հետո, երբ Թրամփին այդպես էլ Խաղաղության Նոբելյան մրցանակ չշնորհվեց, հարցեր են հնչում, արդյոք Միացյալ Նահանգների նախագահի հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի և «Թրամփի ուղի» ծրագրի նկատմամբ մարելո՞ւ է։ Հայաստանի խորհրդարանում նման հարց ունի նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․
«Դժվարանում եմ ասել, վստահեցնում եմ, որ այսօր Միացյալ Նահանգները շատ ավելի կարևոր առաջնահերթություններ ունի, մասնավորապես, Չինաստանը։ Որ խոսում են TRIPP–ի կամ «Թրամփի ուղու» մասին, դա միայն այդ 42 կմ–ին է վերաբերում։ Մեզ պետք է հետաքրքրի ոչ թե այդ 42 կմ–ը, այլ, մասնավորապես, Երասխ–Սադարակ հատվածը։ Երասխ–Սադարակ երկաթգիծ այսօր չկա, հասկանո՞ւմ եք։ Ե՞րբ կլինի։ Եթե դա լիներ, դա պետք է լիներ այդ թղթի մեջ։ Կլինի՝ կխոսենք»։
Եգիպտոսում անցկացվող Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին ավելի քան 20 երկրի ղեկավարների թվում է նաև Թուրքիայի նախագահը։ Հայաստանի առաջնահերթությունների մեջ է նաև օր առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և սահմանը բացելը հենց Թուրքիայի հետ։ Այս հարաբերություններում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանի տնտեսությունը «կուլ տալու» վտանգներ չի տեսնում և չի կիսում ընդդիմադիրների մտավախություններն այս առիթով։
«Ես չգիտեմ` ինչ մտահոգություն է, բայց , օրինակ, թուրքական ընկերություններ Հայաստանում կան դեռ 2012-13 թթ.–ից։ Նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են։ Ընդ որում` մի դեպքում շատ ուղղակի, այսինքն` ոչ թե միջնորդավորված։ Ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետև ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում, ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում, օրինակ, խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացելուց հետո, օրինակ, ինչու՞ ոչ, ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական։ Մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք։ Եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ երեք տասնամյակների պատմությունը»։
Շարմ էլ Շեյխ մեկնելուց առաջ էլ մեկ այլ հայացք էր պատմությանը նետել Հայաստանի վարչապետը։ Խաղաղության գագաթնաժողովից առաջ նա նորից անդրադարձավ Ղարաբաղի հարցով բանակցային ողջ գործընթացին։ Այն պայմաններում, երբ նշված թեմայով բանավեճը նախկին նախագահների հետ չի ստացվում, Նիկոլ Փաշինյանն իրեն հետաքրքրող առանցքային հարցերը հռետորաբար է տվել։
«Ինչու՞ ուրեմն Հայաստանի բոլոր նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի` իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից։ Եվ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են, և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»։
Այս հայտարարության ֆոնին նոր կրքեր են բորբոքվել Հայաստանի ներքաղաքական դաշտում՝ խաղաղություն հաստատելու և ղարաբաղյան հարցը լուծելու տարբերակների շուրջ։
Հայաստանի առաջին նախագահի անունից հեռակա բանավեճում վարչապետին պատասխանել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ղարաբաղի հարցը չի լուծվել բացառապես այն պատճառով, որ առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019–ին մերժեցիր անգամ բանակցությունները»։
Մինչ Շարմ էլ Շեյխում Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին քննարկվում է Գազայի ապագայի հարցը, հաստատված խաղաղությունն ու գերիների փոխանակումը, Հայաստանի ներսում ընդդիմությունը շարունակում է վերապահումներ հայտնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առումով՝ օգտագործելով «պարտադրված խաղաղություն» ձևակերպումը։
Ամեն դեպքում, Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ներկայանում են ու ներկայացվում որպես խաղաղության «success story»՝ «հաջողության պատմություն», որի շարունակության և շարունակականության հարցում Հայաստանի ղեկավարությունը կասկածներ չունի՝ դա հիմնավորելով առնվազն վերջին 1 ամսում միջազգային բարձրագույն հարթակներում խաղաղության օրակարգին միտված տարաբնույթ ելույթներով, բազմակողմ հանդիպումներով ու նոր շեշտադրումներով։




