ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Ինտրիգը»՝ փակի տակ․ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը «հույժ գաղտնի» է

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությանը տրվել է «հույժ գաղտնի» փաստաթղթի կարգավիճակ։ Այս որոշմամբ, ըստ էության, հանգուցալուծվել է վեճը, որն առնչվում էր եզրակացության ներկայացման ձևաչափին։

Թեև քննիչ հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին ԱԺ ղեկավարությանն է հանձնել զեկույցն ու եզրակացությունը, բայց փաստաթուղթը հասանելի չի լինի շարքային քաղաքացիների համար։ Ավելի վաղ նշվում էր, որ պետական գաղտնիք պարունակող հատվածները կքննարկվեն դռնփակ ձևաչափով, մյուս հատվածների քննարկումը բաց կլինի հանրության համար։

Հանրության մեծ հատվածը այդպես էլ չի իմանա, թե ինչ քննեց և որն ամենակարևորն է՝ ինչ պարզեց ԱԺ-ում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Փաստաթուղթն առանց լիագումար նիստի օրակարգ ներառվելու կուղարկվի ԱԺ առաջին բաժին, որի գործառույթներից է ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Կայացված որոշման մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը։

«Հույժ գաղտնի» աստիճան ստացած զեկույցին կարող են ծանոթանալ ոչ բոլոր պատգամավորները, միայն նրանք, ովքեր ունեն համապատասխան թույլտվություն։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը առաջիններից է, որ շտապել է ծանոթանալ փաստաթղթին և առանց մանրամասներ բացահայտելու՝ աշխատանքը որակել որպես «զեկույց ոչնչի մասին»։

«Իրականում ոչ մի բան չկա։ Այսինքն, այն, ինչ ուսումնասիրել է քննիչ հանձնաժողովը, դրանից շատ ավելի շուտ ուսումնասիրել են նաև ՀՀ ԶՈՒ-ն, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը, իրենք իրենց եզրակացություններն ունեն, նաև՝ պատասխանատվության բաշխումը։ Շատ-շատ հարցեր ուղղակի դուրս են մնացել այստեղից, կան մեկ-երկու անուններ, բայց դրանք էլ՝ ոչ որևէ կասկածելի գործողության հետ կապված։ Իրականում ոչ մի բան չկա»։

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը այժմ համոզված է, որ 3 տարի առաջ ճիշտ որոշում էր կայացրել՝ բոյկոտելով հանձնաժողովի աշխատանքը։ 3 տարվա աշխատանքին ոչ մի օր չմասնակցեցին ոչ «Հայաստան», ոչ էլ ԱԺ-ում Հանրապետական կուսակցության միավոր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը արխիվ ուղարկելու որոշումը Հանրապետականի ղեկավար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանում է յուրովի, չնայած նա հնարավորություն չունի ծանոթանալու փաստաթղթին։  

«Պարզ է, չէ՞, այնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն։ Իրենք իրենց մեղքն են այնտեղ գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններով։ Իհարկե, կլինեն ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց գերագույն գլխավոր հրամանատարը իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները, ապա՝ ի՞նչ»։

Աշխատանքի 3 տարիների ընթացքում քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար ակնարկել է քննության ավարտին աղմկահարույց բացահայտումների և անգամ՝ հետևանքների մասին։ Անդրանիկ Քոչարյանը նաև պատկերացնում էր ԱԺ լիագումար նիստում եզրակացության քննարկման ձևաչափն ու նշում մոտավոր ժամկետը՝ 2025-ի սեպտեմբերի 27-ից ՝ պատերազմի 5-րդ տարելիցից հետո։

ԱԺ ղեկավարության կարծիքով՝ իրականությունն այն է, որ հանձնաժողովը խախտել է օրենքով նախատեսված ժամկետը, ինչն առաջացրել է իրավական խնդիրներ։ Մեղադրանքները, թե այսպիսով փորձ է արվում կոծկել ուսումնասիրության արդյունքները, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղին չի համարում։

«Իսկ ոչի՞նչ, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկությամբ է, որ ընդհանրապես դա իրականություն է դարձել, ոչի՞նչ, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ ՀՀ վարչապետը 10 ժամից ավելի զեկուցել է։ Մեզ է դա պետք, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում ինչ-որ իրավիճակների պարագայում, և դա մենք արել ենք նաև այդ մեղադրանքները ջրի երես հանելու համար։ Իրոք, գործն այնքան ծավալուն է եղել, որ երկար ժամանակ է պահանջել»։

ԱԺ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկարաձգվել երկու անգամ՝ մինչև 6-ական ամսով։ 2022-ի փետրվարին ստեղծված հանձնաժողովի ժամկետը երկու անգամ երկարաձգվել է՝ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։

Հանձնաժողովի ստեղծումից 3,5 տարի անց միայն՝ 2025-ի սեպտեմբերի 3-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հայտնեց, որ զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։

Մինչդեռ ԱԺ կանոնակարգի 26-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են, եթե զեկույցը չի ներկայացվել ԱԺ քննարկմանը մինչև լիազորությունների ժամկետի ավարտը։

Անորոշ է մնում նաև «հանրային շահի» հարցը, որի մասին հենց քննիչ հանձնաժողովում ժամանակին խոսում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր եմ համարում նաև այս քննությունը հրապարակային անցկացնելու որոշումը։ Իհարկե, այս մոտեցումը անթերի համարել չի կարելի, հատկապես արտաքին հասանելիության առումով, այդուհանդերձ, հանրային լավագույն շահը ենթադրում է մեր պատմության ամենածանր էջերից մեկի՝ 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն։ Որովհետև լիարժեք հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի ողջ ընթացքում, հանրությունը ավելի պարզ կպատկերացնի ներկայի և ապագայի մարտահրավերները և կառավարության գործողությունների համարժեքությունը այդ մարտահրավերները կառավարելու առումով»։

Քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակը հարցեր է առաջացրել նաև վերլուծական դաշտում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տարակուսում է՝ եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը պետք է լիներ «Հույժ գաղտնի», ապա որն էր ընդհանրապես դրա գործունեության իմաստը: Հարցը տվյալ դեպքում նաև «ինտրիգն» է, որ հյուսվել է այդ հանձնաժողովի միջոցով, և փաստորեն դրվել է «փակի տակ»՝ գրել է վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Back to top button