ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման 72-ժամյա ժամկետի ընթացքում հազարավոր պաղեստինցիներ սկսել են վերադառնալ Գազա քաղաք՝ երկար ճանապարհ անցնելով անկլավի հարավային շրջաններից դեպի հյուսիս։
Հրադադարի համաձայնագրի պայմաններով Իսրայելի ուժերը դուրս են բերվել Գազայի որոշ հատվածներից, սակայն Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ զորքերը դեռ մնում են որոշ շրջաններում և քաղաքացիներին հորդորել է խուսափել նրանց մոտենալուց։
Միջազգային կառույցները հաղորդում են, որ մարդասիրական օգնության մեծածավալ մատակարարումներ են սպասվում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ ավելի քան 1300 բեռնատար պատրաստ է Գազա հասցնել վրաններ, սնունդ, դեղորայք, պատվաստանյութեր և ջրամատակարարման միջոցներ՝ կոչ անելով «բոլոր կողմերին» ապահովել դրանց ազատ մուտքը։
Իսրայելի անվտանգության ծառայությունները հաստատել են, որ համաձայնագրով ամեն օր թույլատրվելու է շուրջ 600 օգնության բեռնատարի մուտք Գազա։
Իսրայելում պատանդների ընտանիքները հավաքվել են Թել Ավիվի Պատանդների հրապարակում՝ աղոթելու և սպասելու իրենց հարազատների վերադարձին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վստահ է հրադադարի պահպանման վրա, ընդգծելով, որ բոլոր կողմերը «հոգնել են մարտերից»։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը նշել է, որ պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման փուլը համեմատաբար «հեշտ մասն» է, իսկ հաջորդ փուլը՝ Գազայի ապառազմականացման և երկարաժամկետ կայունության հարցերը, կլինի ամենաբարդը։
Հրադադարի համաձայնագրով նախատեսվում է Իսրայելում պահվող շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալների և կալանավորվածների ազատ արձակում։ Սակայն հայտնի է դարձել, որ որոշ հայտնի գործիչներ, այդ թվում՝ մանկաբույժ Հուսամ Աբու Սաֆիյանը, չեն ընդգրկվի այս փուլում ազատ արձակվողների ցուցակում։




