ԿարևորՄիջազգային

Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել Նորվեգիայի նկատմամբ, եթե չհաղթի Նոբելյան մրցանակը. The Telegraph

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր կամ այլ տնտեսական սահմանափակումներ կիրառել Նորվեգիայի նկատմամբ, եթե չհաղթի Նոբելյան խաղաղության մրցանակը, գրում է The Telegraph-ը։

Նորվեգիայի նախկին պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն հայտարարել է, որ Թրամփը, հավանաբար, համոզված է, թե հենց Նորվեգիայի կառավարությունն է որոշում, թե ում է շնորհվում մրցանակը․ «Թրամփը կարող է Նորվեգիային ենթարկել տարբեր տեսակի պատիժների։ Նա երբեք չի մոռանա դա և միշտ կհիշի»,-նշել է նա։

Նորվեգացի պատմաբան Էյվինդ Ստեներսենն ասել է, որ Օսլոյում նկատվում է որոշակի լարվածություն՝ անորոշության պատճառով, թե ինչպես կարձագանքի Թրամփը արդյունքներին։

Փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին։ Այս տարի մրցանակի համար առաջադրված է 338 թեկնածու՝ 244 անհատ և 94 կազմակերպություն։ Թեև որոշ աղբյուրներ չեն բացառում նրա հնարավոր հաղթանակը, սակայն USAID-ի գործունեության կասեցման և մի շարք երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու նրա որոշումները կարող են բացասաբար ազդել գնահատականի վրա։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Նոբելյան կոմիտեն մրցանակակրի վերաբերյալ որոշումը կայացրել է դեռևս երկուշաբթի օրը՝ մինչև Թրամփի հայտարարությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի առաջընթացի մասին։

Սպիտակ տունն ավելի վաղ հրապարակել է այն առաջնորդների ցուցակը, որոնք աջակցել են Թրամփին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։

Թրամփի թեկնածությանն աջակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգեման, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվյե Նդուհունգիրեհեն։

Հունիսին ԱՄՆ-ի Հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերը առաջարկել է Թրամփի թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Նոբելյան կոմիտե ուղարկված նամակում նշվում է, որ Թրամփը «արտասովոր և պատմական դեր է խաղացել»՝ «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունը» դադարեցնելու գործում։ Պակիստանի կառավարությունը նույնպես առաջարկել է նրա թեկնածությունը մրցանակի համար՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը միջնորդելու համար։

Կարդացեք նաև

Back to top button