
Բաքվում անկացված միջազգային համաժողովում քննարկվել է անհետ կորածների հարցը։ Ադրբեջանցի պաշտոնյաները հույս են հայտնել, որ Հայաստանի հետ շփումները կնպաստեն պարզելու երկու կողմերի անհետ կորած անձանց ճակատագրերը։ Այս հայտարարություններն ուշագրավ են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության հռչակագրի համատեքստում։ Դրա 9-րդ հոդվածն անդրադառնում է հենց այս խնդրին՝ կողմերին պարտավորեցնելով ստանձնել անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հանձնառությունը և սահմանելով, որ համապատասխան կարգավորումները կբանակցվեն ու կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը հույս է հայտնել, որ Հայաստանի համապատասխան պետական հանձնաժողովի հետ շփումները հաջողությամբ կշարունակվեն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նագիևն այս մասին խոսել է Բաքվում «Անհետ կորած անձանց խնդրի լուծման համար ջանքերի միավորում և համագործակցության ընդլայնում» միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ 2025 թ․ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարությունը, փետրվարին Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան պետական հանձնաժողովների միջև առաջին հանդիպումը և հետագա շփումները, ինչպես նաև տեղեկության որոշակի փոխանակումը նոր հույսեր են ներշնչում։
«Մենք կարծում ենք, որ մեր նպատակասլաց շփումները Հայաստանի համապատասխան պետական հանձնաժողովի հետ հաջողությամբ կշարունակվեն և դրական ներդրում կունենան երկու կողմերի անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու գործում»։
Օրերս թեմայի մասին ԵԱՀԿ մարդու իրավունքների խնդիրներին նվիրված համաժողովում խոսել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա անդրադարձել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների, ինչպես նաև անհետ կորածների խնդրին։
«Առաջին պլենար նիստում, որի թեման հենց հումանիտար խնդիրներն էին կոնֆլիկտների ընթացքում և բնականաբար չէր կարող որևէ կերպ ելույթը չլինել գերիների խնդիրների վերաբերյալ. գերիների, այլ պահվող անձանց, անհետ կորած, բռնի անհետացած անձանց նաև, որովհետև սա ևս բավական լուրջ խնդիր է։ Հնարավորինս մանրամասն ներկայացրի խնդիրները՝ կանխատեսելով, որ լինելու է իրենց կողմից փառաբանում խաղաղության և այլն, և մեղադրելու են մեզ, որ չենք գնահատում խաղաղությունը։ Բնականաբար նաև շեշտեցի, որ Հայաստանը հնարավոր ջանք գործադրել է խաղաղության օրակարգը առաջ մղելու և օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելու ուղղությամբ»։
Աբրահամյանը ելույթում շեշտադրել է, որ իրական խաղաղություն ցանկացող պետությունը չի կարող չլուծել հումանիտար խնդիրները, և այդ առումով կասկածելի է Ադրբեջանի խաղաղության ձգտումը։
Ի դեպ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածը վերաբերում է հենց անհետ կորածների խնդրին։ Հոդվածում նշվում է.
«Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհհետ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանը շարունակաբար խուսափում է անհետ կորածների վերաբերյալ միջազգային պարտավորություններից։ Թաթոյանը հիշեցնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման փաստը: Նախկին ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում վաշինգտոնյան փաստաթղթում տեղ գտած այն ձևակերպումը, որ միջազգային կազմակերպությունները կարող են ներգրավվել գործընթաց ըստ անհրաժեշտության։
«Ստացվում է, որ, Ադրբեջան և Հայաստան, դուք այդ հարցերն արդեն պայմանավորվել եք, գնացեք, իրար մեջ այդ հարցերը լուծեք կամ քննարկեք: Սա չափազանց վտանգավոր է իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Սրանից բացի, ասում է, հարկ եղած դեպքում միայն միջազգային կազմակերպություններ և հարկ եղած դեպքում միջազգային կազմակերպությունների միջոցով և այն էլ թույլ ձևակերպումով՝ տեղեկությունների փոխանակման միջոցով: Մինչդեռ, մենք կարծում ենք՝ ցանկացած պայմանագրում պետք է լինի կոնկրետ մեխանիզմ միջազգային վերահսկման ներքո։ Այսինքն՝ որոնողական աշխատանքներ, տեղեկություններ տրամադրել… ամբողջը պետք է լինի այդ միջազգային մարմնի ներգրավմամբ»։
Միջազգային վերահսկողություն և որոշակի պարտավորություններ են պետք, որ գործընթացը կանգ չառնի՝ ասում է Թաթոյանը։
Մինչ անհետ կորածների վերաբերյալ համապատասխան կարգավորումները քննարկվում ու բանակցվում են, անհետ կորածների հարազատները լուծումներ են որոնում։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով պատասխաններ իրենց հարցերին։
«Ծնողը ուզում է ճիշտն իմանալ՝ իր էրեխեն զոհվել է, վիրավորվել է… մի խոսքով, էլի, ուզում են իմանալ։ Ուզում ենք էդ մարդկանց էրեսներին նայելով հարցնենք՝ ինչու է էդպես էղել»։
Բողոքի վերջին ակցիաները պաշտպանության նախարարության դիմաց էին։ Անհետ կորածների հարազատներին ընդունել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։ Լարված մթնոլորտում անցած հանդիպումը հարազատներին չէր բավարարել։ Նրանք նշել էին, որ հարցեր ունեն Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, հետախուզության նախկին պետին։
Իշխանությունը հավաստիացնում է, որ գերիների և անհետ կորածների հարցը մշտական ուշադրության առարկա է և քննարկվում է միջազգային գրեթե բոլոր հանդիպումներում։ Այդ մասին իր հարցազրույցներից մեկում վստահեցրել էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք սիրում շատ այս մասին խոսել, նաև որովհետև ինչքան զգայուն ու ինչքան ցավ է յուրաքանչյուր այլ հայաստանցու համար, նույնքան՝ մեզ համար: Երկրորդ՝ որովհետև ամեն օր չէ կամ ամիս չէ, որ ունենում ենք շոշափելի արդյունք՝ պատանդառված անձանց ազատ արձակում, այսինքն՝ մենք պիտի հասարակությանը զեկուցենք կոնկրետ շոշափելի այս առումով: Անընդհատ ասում ենք, խոսում ենք և, իրոք, խոսում ենք և աշխատում ենք, բայց քանի դեռ չկա արդյունք, չկա արդյունք։ Երբ որ պատանդառված անձ ազատ է արձակվում, վերադառնում Հայաստան, բոլորը այդ մասին իմանում են»:
Հայաստանը շուրջ 1․200 անհետ կորած անձի հարց է բարձրաձայնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993, 44-օրյա պատերազմից հետո՝ 191 քաղաքացի:




