
Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերը խիստ տարբեր ուղղություններ ունեն։ Բրյուսելում վարչապետը Հայաստանի անունից կոնկրետ առաջարկներով մասնակցել է ԵՄ լոգիստիկ և էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկին՝ «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Բրյուսելից անմիջապես հետո նախատեսված է վարչապետի այցը Դուշանբե, որտեղ պետք է տեղի ունենա ԱՊՀ գագաթնաժողովը։ Չի բացառվում, որ երկրորդ աշխատանքային այցի ընթացքում հատվեն Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ճանապարհները։
Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և Արևմուտքն Արևելքի և Հյուսիսը Հարավի հետ կապելու տեսլականի մասին առաջին անգամ վարչապետ Փաշինյանը խոսել էր «Համաշխարհային դարպասներ» միջազգային առաջին համաժողովի ժամանակ՝ դեռ 2023 թ․։ Արդեն երկրորդ համաժողովին Փաշինյանը խորհրդանշական համարեց դրական նորությունների մասին խոսելու առիթներ ունենալը։
«Համաշխարհային դարպասներ» խորագրով բրյուսելյան երկրորդ համաժողովի մասնակիցներին Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվող հարաբերությունների և խաղաղության, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ «Խաղաղության խաչմերուկ»–ի իրագործման համար խիստ նպաստավոր է գնահատվել օգոստոսի 8–ի վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը, ինչն էապես կարող է փոխել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև այդ սահմաններից շատ ավելի հեռու երկրների պատկերն ու դինամիկան։ Հայաստանի վարչապետը Բրյուսելում նաև հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են հասել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում՝ հիմնվելով հինգ հայտնի սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անքակտելիություն, իրավազորություն և փոխադարձություն։
Փաշինյանի ելույթից առաջ էլ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, «Համաշխարհային դարպասներ» համաժողովի մասնակիցներին դիմելով, Հայաստանի համար խիստ ուշագրավ հայտարարություն էր արել։
«Եվրոպան այստեղ է, և Եվրոպան պատրաստ է համագործակցելու ձեզ հետ։ Ասե՛ք մեզ՝ որոնք են ձեր առաջնահերթությունները, ինչ առումով են ձեր նկրտումները համընկնում մեր նկրտումներին։ Ասե՛ք մեզ, թե որտեղ կարող ենք համատեղել մեր ջանքերը մեր ընդհանուր ներուժն իրացնելու համար»։
Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությանն ի պատասխան՝ Հայաստանի վարչապետն իր հերթին կարևորեց երկրների փոխկապակցվածությունը՝ դա անմիջականորեն բացատրելով հենց «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» ծրագրերի օրինակով։
«Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը պատրաստ է թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկ առումով բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն, անարգել կապերի։ Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին խոստումնալից ներդրումային նախագիծ է, որը ենթադրում է երկաթուղիներից մինչև էներգետիկա համագործակցության հնարավորություններ։ ԵՄ-ի աճող ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում չափազանց ժամանակին է, և Հայաստանը պատրաստ է կամուրջ դառնալ այս տարածաշրջանների միջև։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Այս աճող գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում Հայաստանն ավելի խորը և ռազմավարական առումով Եվրոպական ծրագրերում ներգրավելու համար, ինչպիսիք են «Համաշխարհային դարպասներ»–ը, «Սև ծովի ռազմավարությունը», «Միջին միջանցքը», Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը և այլն»։
«Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովը Բրյուսելում հավաքել է կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ուսումնասիրելու գործընկեր երկրներում ներդրումների ընդլայնման նոր ռազմավարությունները։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը բրյուսելյան համաժողովը կարևոր է համարում․
«ԵՄ լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է, որը պետք է կապի Եվրոպական միությունը այլ տարածաշրջանների, այդ թվում` մեր տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ»։
Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը ՄԱԿ և ԵԽԽՎ ամբիոններից անդրադառնալուց ու բացատրության ակնկալիք հայտնելուց հետո Հայաստանի վարչապետը տրանսպորտային ենթակառուցվածքի մասին խոսելիս բացառապես կիրառում է «Թրամփի ուղի», TRIPP կամ բացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ձևակերպումները։
Միջազգային հարթակներում օգտագործվող տերմինների, այսպես կոչված, պատերազմը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսպես է մեկնաբանում․
«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ, այդ թվում` կոմունիկացիոն պրոյեկտ չկա և չի կարող լինել։ Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է։ Մենք այս ուղղությամբ և բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես, հնարավորության դեպքում, ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու և սկսել է այդ գործընթացը, և մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում․ երբ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա»։
Ուշագրավ է, որ Ադրբեջանը չի մասնակցել ԵՄ ամենամեծ նախագծերից մեկը համարվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային համաժողովին․ Ադրբեջանի նախագահը Դուշանբե էր մեկնում՝ ԱՊՀ գագաթնաժողովին, որի շրջանակում Պուտին–Ալիև հանդիպում է նախատեսված։ Ռուսաստան–Ադրբեջան տևական լարվածության ֆոնին ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված նախագահների հանդիպմանը։ Պաշտոնական Կրեմլից հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները քննարկելու ակնկալիք են հայտնել։
Բրյուսելից հետո Դուշանբե է մեկնում նաև Հայաստանի վարչապետը։ ԱՊՀ գագաթնաժողովը Փաշինյան–Ալիև շփման հարթակ կդառնա՞․ պարզ չէ։ Պաշտոնապես նման օրակարգ հաստատված չէ։




