
Շատ խորհրդանշական է, որ «Համաշխարհային դարպաս» միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նորաստեղծ նախաձեռնությունը, որը կարող է դառնալ կարևոր հանգույց Արևելք- Արևմուտք և Հյուսիս- Հարավ կապերի համար, այսօր Բրյուսելում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկրորդ անգամ անցկացվող համաժողովում։
Հայաստանի վարչապետը ելույթում ընդգծել է Հայաստանի աճող դերը տարածաշրջանային համագործակցության եւ խաղաղության կառուցման գործընթացներում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով։
Փաշինյանը շեշտել է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը լավ է հասկանում համապարփակ և հավասար համագործակցության կենսական նշանակությունը՝ նշելով, որ ենթակառուցվածքների սահմանափակ հասանելիությունը երկար տարիներ խոչընդոտել է երկրի զարգացմանն ու տարածաշրջանային ինտեգրմանը։
Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվող դրական միտումների շնորհիվ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը տեսությունից դառնում է իրականություն։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության, որը բացելու է տարածաշրջանային ենթակառուցվածքները պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ TRIPP-ը նպատակ ունի ընդլայնել կապերը Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության լայն տեսլականին։
«Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքական, թե՛ լոգիստիկ առումով պատրաստ է բացելու իր չօգտագործված ներուժը և միանալու Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապերին։ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»-ը, որը հայտնի է նաև որպես TRIPP ուղի, խոստումնալից ներդրումային նախագիծ է, որը ներառում է լայն հնարավորություններ՝ սկսած երկաթուղային հաղորդակցությունից մինչև էներգետիկ համագործակցություն», — ասել է Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարը նշել է, որ Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տեղի է ունենում վճռորոշ պահին, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ծառայելու որպես կամուրջ ոչ միայն ենթակառուցվածքների, այլև թվային նորարարությունների, էներգետիկ համագործակցության և կարգավորումների համադրման ոլորտներում։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբևէ այսքան մոտ չեն եղել։
«Անկեղծորեն հույս ունեմ, որ իմ խոսքերը կոգեշնչեն ձեզ ընդունել համարձակ որոշումներ՝ հանուն խաղաղության, կայունության, դիմադրողականության և բարգավաճման»,- իր ելույթը եզրափակել է Հայաստանի վարչապետը։




