ԿարևորՄիջազգային

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով բոլոր պատանդներն ազատ կարձակվեն, իսկ Իսրայելն էլ իր զորքերը Գազայից դուրս կբերի դեպի համաձայնեցված գիծ, քանի որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են «հաստատուն, երկարատեւ եւ հավերժական» խաղաղության տանող ծրագրի առաջին փուլը։

 «Սա ՄԵԾ օր է արաբական եւ մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարեւան երկրների եւ ԱՄՆ համար, մենք շնորհակալ ենք Կատարի, Եգիպտոսի եւ Թուրքիայի միջնորդներին, որոնք աշխատել են մեզ հետ, որպեսզի հնարավոր լինի այս պատմական եւ աննախադեպ իրադարձությունը», — Truth Social-ում գրել է Թրամփը։

Նախօրեին բանակցություններին միացել էին նաեւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ փեսան` Ջարեդ Կուշները։ Շարմ էլ Շեյխում ընթացող խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ Կատարի վարչապետն ու Թուրքիայի հետախուզության պետը։

ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին արդեն երկուշաբթի կարող են ազատ արձակել։

Մինչ այդ Իսրայելի կառավարությունը, հավանաբար այսօր, պիտի հաստատի համաձայնագրի առաջին փուլը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում հրավիրել կաբինետի նիստ։

Միջնորդները հայտնել են, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնության են եկել Գազա մարդասիրական օգնության մուտքի հարցում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կավելացնի օգնության ծավալը և կուժեղացնի Գազայի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։

Նա կոչ է արել կողմերին պահպանել համաձայնագրի պայմանները, ներառյալ՝ իսրայելցի պատանդների ազատ արձակումը, զինադադարի մշտական պահպանումը և մարդասիրական բեռների անհապաղ մուտքը Գազա։ «Տառապանքները պետք է ավարտվեն»,- ասված է Գուտերեշի հայտարարության մեջ։

Բարձրաստիճան պաղեստինցի պաշտոնյան BBC-ին հայտնել է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի անմիջապես, երբ այն կհաստատի Իսրայելի կառավարությունը։ Նրա խոսքով՝ Իսրայելը թույլ կտա մարդասիրական օգնությամբ օրական 400 բեռնատարի մուտքը Գազա՝ առաջին հինգ օրերի ընթացքում, իսկ հետագա օրերին դրանց թիվը աստիճանաբար կավելանա։

Կարդացեք նաև

Back to top button