ԿարևորՔաղաքական

Հունաստանը պատրաստակամ է ԵՄ շրջանակներում Հայաստանին ցուցաբերել ցանկացած տեսակի աջակցություն․ Կոստիս Խաձիդակիս

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսի հետ, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու առաջիկա գործողությունները։ Մեծ կարևորություն է տրվել տնտեսական դիվանագիտությանն ուղղված ջանքերին։ Հույն պաշտոնյան կարևորել է ոլորտային համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, շինարարությունը և զբոսաշրջությունը։ Միաժամանակ նա նշել է, որ Հունաստանը մշտապես պատրաստակամ է ցուցաբերել Հայաստանին ցանկացած տեսակի աջակցություն Եվրոպական Միության շրջանակներում։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մի շարք երկկողմ ուղղություններում, մասնավորապես պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա համագործակցության զգալի դինամիկան։

Տիգրան Մկրտչյանը նաև ներկայացրել է այս տարի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Կոստիս Խաձիդակիսը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հայտնի է․ Հունաստանը ողջունել է վաշինգտոնյան համաձայնությունները և հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջնական ստորագրել համաձայնագրերը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսված երկկողմ բարձրաստիճան այցելություններին։

Կարդացեք նաև

Back to top button