ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ամերիկյան «զսպաշապի՞կ» Ադրբեջանի համար․ Կոնգրեսում «PEACE Act» օրինագիծն է շրջանառվում

Բաքուն, հնարավոր է, պատժամիջոցների տակ հայտնվի, եթե չկատարի վաշինգտոնյան համաձայնագրերի պահանջները․ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Դարել Իսան օրինագիծ է ներկայացրել Հարավային Կովկասում լարվածության թուլացման և ներգրավվածության մասին։ Անգլերեն հապավումով այն ընթերցվում է՝ PEACE Act՝ «Խաղաղության ակտ»։ Փաստաթղթի համահեղինակներից է հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսը։ Փաստաթուղթն ընկալվում է որպես հայամետ և արդեն քննադատության է արժանացել ադրբեջանական մամուլում։ Ի՞նչ է ենթադրում Կոնգրեսում շրջանառվող փաստաթուղթը և ինչի՞ համար է մշակվել:

Ինը կետից բաղկացած «Խաղաղության ակտ» կոչվող օրինագիծը հստակ  պատժամիջոցներ է սահմանում, որոնք Վաշինգտոնը կկիրառի Բաքվի նկատմամբ, եթե եզրակացնի, որ Ադրբեջանը թշնամական գործողություններ է կատարում և փորձում է վերսկսել էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ։

Հանրապետական կոնգրեսականներ Դարել Իսան և Գաս Բիլիրակիսն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացրել «Կովկասում էսկալացիայի կանխարգելման և փոխգործակցությանն աջակցելու մասին» օրինագիծը։ Փաստաթղթի նպատակն է կանխել Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր գործողությունները և ամրապնդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Նախագծի հեղինակներից Դարել Իսան հայտարարել է․

«Ամերիկյան առաջնորդությունն անփոխարինելի տարր է, որը կարող է իսկապես պատվով խաղաղություն հաստատել այն վայրերում, որոնք այդքան երկար ժամանակ միայն պատերազմ են տեսել։ Շատերը կարծում էին, որ մարտական ​​գործողությունները դադարեցնելու և Հայաստանի դեմ ագրեսիան կանխելու համաձայնագիր կնքել հնարավոր չէ, բայց նախագահ Թրամփի՝ խաղաղության օրակարգը միաժամանակ ռազմավարական և իրատեսական է և մերժում է համաշխարհային ստատուս քվոն։ «Խաղաղության ակտը» իրական հետևանքներ է սահմանում համաձայնագրի յուրաքանչյուր խախտման համար՝ միաժամանակ ամրապնդելով Թրամփի վարչակազմի շարունակական դիվանագիտական ​​ջանքերը՝ ինքնիշխանության և կայունության անունից»։

Կոնգրեսական Բիլիրակիսն իր հերթին հավելել է, որ օրինագծով պահպանվում է ուշադրությունը բանակցային կարգավորման վրա, որը հարգում է երկրների ինքնիշխանությունը և տարածաշրջանային անվտանգությունը։

Առաջարկվող պատժամիջոցները ներառում են ադրբեջանցի պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք և ֆինանսական սահմանափակումներ այն օտարերկրյա բանկերի նկատմամբ, որոնք գործարքներ են կատարում ադրբեջանական նավթի առևտուրը հեշտացնող ֆինանսական հաստատությունների հետ: 

Ըստ նախագծի՝ թույլատրվում է լրացուցիչ պատժամիջոցներ այն դերակատարների նկատմամբ, որոնք գիտակցաբար կփորձեն հետաձգել, խափանել այս տարվա համատեղ հռչակագրին համապատասխան խաղաղության համաձայնագիրը։ Օրինագիծը նախագահից պահանջում է պարբերաբար հաշվետվություն  ներկայացնել Կոնգրեսին թշնամական յուրաքանչյուր գործողության, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետության և կարգավիճակի մասին:  

Օրինագիծը բացառություններ է նախատեսում մարդասիրական օգնության և հիմնական ապրանքների համար և կգործի 7 տարի:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «Խաղաղության ակտ»–ում հինգ հիմնական ուղղություն կա․ կանխում է ագրեսիայի վերսկսումը, ուղղված է ֆինանսական աջակցողներին, պաշտպանում է մարդասիրական ուղիները, աջակցում է դիվանագիտությանը և ապահովում է վերահսկողություն։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեում՝ ANCA–ում, մեծ ձեռքբերում են համարում նման նախագծի ներկայացումը։ Բայց զգուշացնում են, որ այն օրենսդիր մարմնում երկար ճանապարհ ունի անցնելու, մինչև հայտնվի նախագահի սեղանին և օրենքի ուժ ստանա։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեից պարզաբանում են, որ նախագծի քննարկման ժամանակ նաև նոր կարևոր կետեր են ավելացել։

«Ուղղումը վերաբերում է երեք անհետաձգելի առաջնահերթություններին Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատարձակում, տեղահանված բնակչության անվտանգ վերադարձ և վտանգի տակ հայտնված պատմական ու հոգևոր օբյեկտների պահպանություն։ Այս դրույթներից յուրաքանչյուրը հստակ ազդակ է այն մասին, որ ԱՄՆ քաղաքականությունը ճանաչում է մարդասիրական ճգնաժամը»։

Միացյալ Նահանգների այս քայլը արդեն քննադատել է ադրբեջանական  իշխանական քարոզչամեքենան համարվող Caliber կայքը՝ «Խաղաղության ակտ» փաստաթղթի շրջանառությունը համարելով ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի դեմ, նույնիսկ պրովոկացիա, որը կարող է խաթարել խաղաղության գործընթացը։

Ինչպե՞ս հասկանանք Միացյալ Նահանգների՝ վերջին շրջանի փոխված քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, երբ վերլուծաբանները մշտապես նշել են, որ տարածաշրջանը երբեք ընգրկված չի եղել ԱՄՆ անվտանգության ռազմավարության մեջ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ՝ կա պարզ բացատրություն․

«Միացյալ Նահանգները այստեղ ունի կենսական և շատ կարևոր շահեր, բայց դրանք ռազմավարական բնույթի չեն։ Իսկ Միացյալ Նահանգներում գիտենք, թե ինչքան հստակ են այդ բաժանումները` ռազմավարական, կենսական, ոչ կենսական և այլն, և այլն։ Հիմա ԱՄՆ գործողությունները այստեղ բխում են հենց այդ նույն տրամաբանությունից։ Չկա ռազմավարական մոտեցում, բայց ունեն շատ կարևոր առաջնահերթություններ, օրինակ` մեր տարածաշրջանում Ռուսաստանին կամ Իրանին զսպելը։ Նույնիսկ, եթե այս ճանապարհը կամ միջանցքը, կարևոր չէ այստեղ անունը, եթե դա նույնիսկ լինի, դա լինելու է բիզնես ներկայություն, բայց ոչ թե ռազմավարական ներկայություն։ Մի օր կարո՞ղ է այդ բիզնես ներկայությունը դառնա ռազմավարական։ Այո՛, կարող է։ Կարևոր է հասկանալ, որ վերջիվերջո այստեղ Թրամփը պետք է հաջողության պատմություն ունենա, որովհետև ինչ–որ մի բան պետք է հիմնավոր ներկայացնի դրա համար։ Մինչև ինքը այդ Նոբելյան մրցանակը չստանա, այս նախագիծը լինելու է ուշադրության կենտրոնում։ Այստեղ լարվածություն չի լինելու, որովհետև իրենք հեռադիտակով և շատ ուշադիր նայելու են, մոնիթորինգ են անելու իրավիճակը մեր ճանապարհի վրա կամ միջանցքի վրա։ Ոնց ուզում ես անունը կոչի, համենայն դեպս, կարծում եմ, մինչև այդ Նոբելյան մրցանակը չստանա, ուշադրության կենտրոնում է լինելու»։

Միջազգայնագետը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին Միացյալ Նահանգներից մեկ այլ նորություն ևս գուցե լսենք Հայաստանում։ Եվ դա արդեն կվերաբերի հենց ռազմավարությանը։

«Առաջիկա շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգների այս վարչակազմը, այսինքն` Թրամփի վարչակազմը, կհրապարակի Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ ես չեմ բացառում, որ Հայաստանին վերաբերող, այսինքն` ոչ թե Հայաստանին, այլ հայ–ադրբեջանական հարաբերություններին կամ հայ–թուրքական հարաբերություններին վերաբերող ինչ–որ նշումներ լինեն` հաշվի առնելով Թրամփի՝ խաղաղություն բերողի տրամաբանությունը, որով ինքը Միացյալ Նահանգները ղեկավարում է այս վերջին մի քանի ամիսներին և առաջիկա երեքուկես տարիներին»։

Վերադառնալով Կոնգրեսում շրջանառվող «Խաղաղության ակտ» նախագծին՝ նշենք, որ այն ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սեպտեմբերի 30-ին և նույն օրը ուղարկվել է երեք` Արտաքին հարաբերությունների, Արդարադատության և Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներ: Օրինագիծն օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում է և դեռ չի քննարկվել կոմիտեներում: Կոմիտեների հաստատումից հետո այն պետք է անցնի Ներկայացուցիչների պալատի և Սենատի քվեարկությունները՝ նախքան ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացվելը:

Կարդացեք նաև

Back to top button