
Տնտեսական նուրբ դիվանագիտությունը ժամանակին պատմական Հայաստանի փրկության բանալին է եղել։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պնդում է, որ անցյալի շատ սկզբունքներ կիրառելի են նաև այսօր։ Տնտեսագետն ասում է, որ երեսուն տարի շարունակ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու ելքեր է փնտրել, քննարկումներ ունեցել աշխարհի տարբեր երկրների տնտեսագետների հետ և մի շարք լուծումներ է գտել։ Մանասերյանը պատրաստ է դրանք տրամադրելու պատկան մարմիններին։
Նայիր անցյալիդ առաջ գնալու տրամաբանությամբ․ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 30 տարի ուսումնասիրել է պատմական Հայաստանի տնտեսության պատմությունը, աշխարհի տարբեր երկրների փորձը և հանգել է այն եզրակացությանը, որ ազգային տնտեսություն կառուցելիս պետք է հիմնվել ազգային մտածողների աշխատությունների վրա։ «Տնտեսական դիվանագիտություն․ պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան» գրքում նա շատ բացահայտումներ է արել և համոզված է, որ դրանք կարող են օգնել լուծելու Հայաստանի տնտեսության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ․
«Հիմնական նպատակը այն բանալիների մշակումն էր, որը մեզ կօգնի վաղուց առաջացած կողպեքները բանալու։ Եվ պարզվում է՝ պատմական Հայաստանի տնտեսական դիվանագիտության փորձը կարող է լավ հիմք ծառայել նույնիսկ 21-րդ դարում՝ թվայնացման դարաշրջանում, յուրաքանչյուր խնդրի համար գտնելու մեկից ավելի լուծումներ»։
Մանասերյանը երեք տասնամյակ ուսումնասիրել է Հայաստանի տնտեսությունը ճկուն դիվանագիտության միջոցով զարգացնելու փորձը։ Բազմաթիվ սկզբունքներից առանձնացնում է հատկապես 13-րդ դարում կիրառված ճկուն մոտեցումները․
«5-րդ, 6-րդ ,7-րդ, 13-րդ դարերում ոչ միայն մտածողները, այլև նրանք, որ եղել են հրամանատար, զորավար, նաև տարբեր բնագավառների տարբեր գիտակներ, պահպանել են պատմական Հայաստանը կործանումից։ Ինչպես դա եղել է մոնղոլ–թաթարների արշավանքների ժամանակ՝ նուրբ տնտեսական դիվանագիտություն և բանակցություններ վարելով կարողացել են թույլ տալ, որ ոչ միայն հեռու մնանք կործանարար ազդեցություններից ու վնասներից, այլև ընդհակառակը՝ օգտագործենք ի շահ պատմական Հայաստանի բարգավաճման, և ես վստահ եմ, որ այդ հնարավորությունները ոչ թե քչացել են, այլ ավելացել»։

Հեղինակը գրքում հատուկ ուշադրության է արժանացնում ժողովրդագրական և բնապահպանական դիվանագիտությանը։ Վերջինը, նրա կարծիքով, հատկապես կարևոր է, քանի որ վերջին շրջանի որոշ լարվածությունների հիմքում նաև բնապահպանական խնդիրներն էին շեշտվում․
«Տարածաշրջանի բերումով, տեսեք, որ հենց բնապահպանական խնդիրներից սկսվեցին այս ողջ քաղաքական խնդիրները։ Վրաստանի հետ ունենք նույնը, Իրանի հետ ունենք՝ Արաքս գետի հետ կապված։ Թուրքիայի հետ ունենք։ Մենք պետք է ավելի իրատեսորեն գնահատենք այսօրվա իրավիճակը և փորձենք միասնաբար, հատկապես փորձագիտական հանրության հետ, բոլոր հնարավոր ուժերով կարողանանք օգնել կայացնելու ազգային պետություն և ազգային տնտեսություն»։
ԵՄ բարձրաստիճան խորհրդատու Խոսե Իգնասիո Պրադաս-Պովեդան վերջին տարիներին աջակցում է Հայաստանի կառավարությանը, մասնավորապես ԵՄ հարևանության ծրագրի իրականացման գործում։ Նա ասում է, որ տպավորված է Մանասերյանի աշխատությամբ։ Եվրոպացի պաշտոնյան առևտրի և տնտեսության ոլորտում երկար տարիների փորձ ունի և կարծում է, որ համագործակցությամբ ու արտաքին հարաբերություններ ձևավորելով՝ հայերը կարող են մեծ հաջողությունների հասնել։
«Ես շատ տպավորված եմ և հուսով եմ, որ այս գրքի բովանդակությունը կարևոր կլինի Հայաստանի համար»։
Տնտեսագիտության դոկտորն ուսումնասիրել է Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ-ի, Ճապոնիայի փորձը, համադրել այն Հայաստանի ազգային ու տնտեսական առանձնահատկություններին։ Մանասերյանը վստահ է, որ պատմական Հայաստանի և այլ երկրների փորձն ուսումնասիրելով՝ գտել է, թե տնտեսական ինչ դիվանագիտություն կարելի է կիրառել ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար և այժմ պատրաստ է իր առաջարկները ներկայացնելու Հայաստանի պատկան մարմիններին, կառավարությանը։




