ԿարևորՄիջազգային

Մյանմայում ռազմական պարապլանի հարձակման հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել

Մյանմայի կենտրոնական Չաունգ Ու ավանում բուդդայական փառատոնի և խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ռազմական շարժիչավոր պարապլանը երկու ռումբ է նետել ամբոխի վրա, որի պատճառով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել 47-ը, գրում է BBC-ին։

Տեղական Ժողովրդական պաշտպանության ուժերի (ԺՊՈՒ) ներկայացուցիչը հայտնել է, որ նախօրոք տեղեկություններ են ստացել հնարավոր օդային հարձակման մասին և փորձել են դադարեցնել հավաքը, սակայն հարձակումը տեղի է ունեցել ընդամենը 7 րոպեում։

Ականատեսները հաղորդում են, որ պայթյունների հետևանքով զոհվածները մարմինները դժվար է եղել նույնականացնել։

Amnesty International-ը դատապարտել է միջադեպը՝ ընդգծելով, որ խունտայի կողմից պարապլանների օգտագործումը «անհանգստացնող» է, որի նպատակն է ահաբեկել խաղաղ բնակչությանը։

Կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Մյանմայի ռազմական վարչակարգի վրա։

2021 թվականի հեղաշրջումից հետո, երբ բանակը տապալեց ժողովրդավարական կառավարությունը՝ բանտարկելով դրա առաջնորդ Աուն Սան Սու Չժիին, Մյանմայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը՝ զինված դիմադրության խմբերի և ռազմական ուժերի միջև։

Հազարավոր մարդիկ զոհվել են, միլիոնավորները՝ տեղահանվել։

Մյանմայում դեկտեմբերին նախատեսված են առաջին համապետական ընտրությունները հեղաշրջումից ի վեր, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ քվեարկությունը չի լինի ազատ և արդար, քանի որ մարտերի և ընդդիմադիր կուսակցությունների արգելման պատճառով այն, հավանաբար, կանցկացվի միայն երկրի մի մասում։

Կարդացեք նաև

Back to top button