Դպրոցական նստարանին հրաժեշտ տալուց 43 տարի անց 6 երկրից հավաքված միևնույն դասարանի շուրջ 20 աշակերտ նորից դպրոցում էին։ Գեղանիստի միջնակարգ դպրոցի զանգն այսօր հնչել է նաև նրանց համար։ Թերևս առանձնակի կերպով՝ նրանց համար։ Նստարանները գտել են անշփոթ։
Մատյանում իրենց համարներն էլ անգիր հիշել են, միայն թե մատյանը վաղուց էլ չկար։ Ուշացողներ չեն եղել, եղել են բացականեր, որոնց «հարգելի»-ն ուսուցիչն առանց ծնողների զգուշացման էլ գիտեր․ որոշ ընկերներ-դասընկերներ այլևս իրենց հետ չեն, իրենց հետ չեն նաև ուսուցիչներից շատերը։ Բայց այս յուրօրինակ դասը, բացի զուտ ընկերական-հուզական շփում լինելուց, այլ ասելիք էլ ուներ․ տնկել ծառ՝ ի արմատավորումն որոշ գաղափարների։




