ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Բաքուն թյուրքալեզու հարթակում` կրկին սեփական օրակարգով. Երևանը հորդորում է խաղաղ խոսույթի անցնել

Հայաստանին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել՝ հայտարարել է Հայաստանի վարչապետի խոսնակը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման հարցը։ 

Վարչապետի խոսնակն այս պարզաբանումն արել է՝ արձագանքելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքին հնչած հայտարարություններին։ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործել են և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ արտգործնախարարը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, Գաբալայում կարևորել  է համերաշխությունն ու համակարգված քաղաքականությունը։ Ադրբեջանի այս քաղաքում են  հյուրընկալել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին։

Բայրամովի խոսքով՝ միջազգային անվտանգության նոր համակարգում Թյուրքական պետությունների կազմակերպությունը պետք է դառնա միասնական ուժերի խորհրդանիշ։

Ադրբեջանի արտգործնախարարի ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի ինքնիշխանության լիակատար վերականգնումից հետո» Հայաստանի հետ շփումները դարձել են ավելի ինտենսիվ։ Նա կրկին  խոսել է խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական նախապայմանի մասին՝ վկայակոչելով Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանի այս նախապայմանը արդեն տևական ժամանակ Ադրբեջանի օրակարգում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է քաղաքագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Այնպես որ, բնականաբար, ինքն իրենով՝ որպես այդպիսին, այդ կետի, կամ՝ այդ նախապայմանի պարբերաբար հնչեցումը նշանակում է միջամտության փորձ ՀՀ-ի ներքին գործերին, բայց, միևնույն ժամանակ, իհարկե, նույն Հայաստանի Հանրապետությունն է և նրա իշխանությունն ու ժողովուրդն է որոշողը՝ արդյոք Հայաստանը կգնա այդ քայլին, թե ոչ։ Այսինքն՝ դա նախապայման է, բայց պարտադրանք չէ, բնականաբար։ Սա պետք է տարբերել, զանազանել մեկը մյուսից։ Ադրբեջանը մշտապես կարող է այդ նախապայմանը հնչեցնել, Հայաստանն էլ, եթե չի ցանկանում այդ փոփոխությունը իրականացնել, չի իրականացնի և խաղաղության համաձայնագիրն էլ կարող է չստորագրվել։ Սա է գործընթացի ամբողջ բանաձևը»։  

Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, շեշտել էր, որ եթե Սահմանադրական դատարանը «Խաղաղության համաձայնագրի» վավերացման փուլում Սահմանադրության հետ հակասություններ տեսնի, ինքն անձամբ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Փաշինյանը, սակայն, այս փուլում դրա մասին մտածելու անհրաժեշտություն չէր տեսել։ Մյուս կողմից, սակայն, վարչապետը հիշեցրել էր, որ իշխանությունը նոր սահմանադրություն ընդունելու օրակարգ ունի։

Թյուրքախոս պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Բայրամովը խոսել է ոչ միայն Հայաստանի սահմանադրությունից, այլև TRIPP-ից՝ կրկին գործածելով «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա հայտարարել է, որ այն Միջին միջանցքի անբաժանելի մասն է։ Նրա ձևակերպմամբ՝ «TRIPP-ը կամ «Թրամփի երթուղին» կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը Զանգեզուրի միջանցքով»։    

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերում որևէ խոսք «Զանգեզուրի միջանցքի» մասին չկա, իսկ «TRIPP» նախաձեռնությունը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային համագործակցությանը՝ առանց քաղաքական կամ տարածքային ենթատեքստի։

Հարցին այսօր անդրադարձել է նաև վարչապետի խոսնակը՝ ընդգծելով, որ  «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը  որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի խոսույթը որոշակիորեն փոփոխվել է։

«Նրանք խոսում են «TRIPP»-ի մասին, կարևորում են «TRIPP»-ը, բայց այն ներկայացնում են որպես «Զանգեզուրի միջանցքի» մի հատված։ Այս նրբությունն է արձանագրվել, որը մեզանում, կարծես թե, անհրաժեշտ ուշադրության չի արժանանում։ «Զանգեզուրի միջանցքը, հատկապես 23 թ.-ից հետո, Թուրքիայի, Ադրբեջանի կողմից գործադրված ահռելի ջանքերի արդյունքում վերածվել է մեծ տրանսպորտային, ենթակառուցվածքային կապուղու, որը դառնալու է արևելքը արևմուտքին կապող Միջին միջանցքի այլընտրանքային ուղղություն և «TRIPP»-ն ինքը տեղավորվում է այդ մեծ նախագծի մեջ։ Այսինքն, երբ որ նրանք ասում են «Զանգեզուրի միջանցք», օգոստոսի 8-ից այդ «Զանգեզուրի միջանցքի» Հայաստանի հատվածը առանձին կերպով անվանում են նաև «TRIPP»։ Սա կարևոր նրբություն է, որը պետք է հաշվի առնել»։     

Ի դեպ, օրերս ԱՄՆ Կոնգրեսում նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրվել, որով հեղինակներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում:  Oրինագիծն աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, խաղաղության նախաձեռնություններին: Առաջարկվող սանկցիաները ներառում են ադրբեջանական պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք և ֆինանսական այլ սահմանափակումներ: 

Օրինագիծը պետք է հավանություն ստանա նախ հանձնաժողովներում, ապա՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում: 

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ օրակարգն այս պահին դժվար իրագործելի է։

Կարդացեք նաև

Back to top button