
Մինչ Ֆրանսիայի արդեն նախկին վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ փորձում է մինչեւ հոկտեմբերի 8-ը ինչ-որ համաձայնության հասնել կառավարության ձեւավորման հարցում, խորհրդարանում մեծամասնություն կազմող ձախերի քաղաքական ճամբարում պառակտումը խորանում է, գրում է RFI-ն։
Այսօր նախագահ Էմանուել Մակրոնը շատ մեծ ընտրության հնարավորություն չունի։ Նա կամ պետք է ցրի խորհրդարանը, կամ համաձայնության եզրեր գտնի, կամ հրաժարական տա։
«Ոչ նոր կառավարության նշանակումը, ոչ Ազգային ժողովի ցրումը երկիրը փակուղուց դուրս բերելու միջոց չեն, ելքը Հանրապետության նախագահի հրաժարականն է»,- RFI-ին ասել է «Անհնազանդ Ֆրանսիա» խմբակցության համակարգող Մանուել Բոնպարը։
Սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը TF1-ին տված հարցազրույցում այս ուղին սխալ է համարել։ «Այս ամենն արդեն իմաստ չունի, մենք պետք է վերադարձնենք երկիրը կառավարելու ունակությունը, միավորվել հանուն պարզ մի նպատակի՝ էկոլոգիական սոցիալական արդարության»,- ասել է նա։
Այսօր ձախերի ճամբարը փորձում է փրկել կանաչների առաջնորդ Մարին Տոնդելիեն։ «Հասկանում ենք, որ մեր գործընկերների միջեւ իրավիճակը բարդ է։ Մեր պարտքն է հաղթահարել դա եւ առաջարկում ենք հանդիպել չեզոք տարածքում։ Յուրաքանչյուրը ստանձնում է իր պատասխանատվությունը գալով կամ չգալով այդ հանդիպմանը»,- ասել է նա։
Կարծես սոցիալիստներն իրենց ընտրությունը կատարել են՝ նախընտրելով Էմանուել Մակրոնի հետ պոկերը, այլ ոչ թե Ժան Լյուկ Մելանշոնի (ձախ արմատականների առաջնորդ) հետ նոր ճակատամարտը, ստեղծված իրավիճակը այսպես գեղարվեստորեն է ներկայացրել RFI-ի քաղաքական մեկնաբանը։




