Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իսրայելին «Եվրատեսիլ» երգի մրցույթից հեռացնելը սկանդալային քայլ կհամարվի։
«Եթե նման բան տեղի ունենա, Գերմանիան ևս պետք է հրաժարվի մասնակցությունից։ Ես կաջակցեմ այդ որոշմանը։ Սկանդալ եմ համարում, որ նման բան ընդհանրապես քննարկման առարկա է դարձել։ Իսրայելն այս համայնքի մաս է»,-Գերմանական ARD հեռուստաալիքի «Caren Miosga» թոք-շոուի ժամանակ ասել է Մերցը։
Այժմ մրցույթին մասնակցող երկրների և մրցույթը հեռարձակող ընկերությունների միջև ակտիվ քննարկումներ են ընթանում։
Շվեյցարիայի և հյուրընկալող Ավստրիայի հեռարձակողներն իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելի մասնակցությանը, մինչդեռ Իսպանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Սլովենիայի և Նիդեռլանդների հեռարձակողները սպառնացել են բոյկոտել Վիեննայում նախատեսված «Եվրատեսիլ 2026» մրցույթը՝ պատճառաբանելով Գազայի հատվածում Իսրայելի իրականացվող ռազմական գործողությունները։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նոյեմբերին նախատեսում է կազմակերպել հատուկ առցանց հանդիպում՝ քննարկելու Իսրայելի հնարավոր մասնակցությունը «Եվրատեսիլ 2026»-ին։

«Եվրատեսիլ 2026» 70-րդ հոբելյանական երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Վիեներ Շտադհալե» համերգասրահում։ Մրցույթը կկայանա մայիսի 12-ին և 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին։




