ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Օդն աղտոտող կառուցապատողները խստորեն կպատժվեն․ Երևանի ավագանին խստացնում է վերահսկողությունը

Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերություններին հստակ նախազգուշացում է հղում․ մայրաքաղաքի միջավայրը խախտող և կանոններն անտեսող կառուցապատողները պատասխանատվության կենթարկվեն։ Դեկտեմբերից վերահսկողությունը խստանալու է, և շինթույլտվությունների երկարաձգումն ուղղակիորեն կախված է լինելու շինհրապարակների պատշաճ կահավորումից։ Այսպիսով, առաջիկա ամիսներին կառուցապատողներից գլխավոր պահանջը լինելու է ոչ միայն շինարարության առաջընթացը, այլև մայրաքաղաքի բնակիչների համար մաքուր և անվտանգ միջավայրի ապահովումը։

«Այս ուղերձը շատ ուշադիր լսեք, այլապես հաջորդ տարին բարդ կարող է լինել ձեզ համար»։

Այս խոսքերով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց կառուցապատողներին։ Դեռ անցած տարվա սեպտեմբերից քաղաքապետարանը հայտարարել էր, որ խստացվելու են շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝ շինհրապարակները պետք է ծածկված լինեն փոշեպաշտպանիչ ցանցերով, ավազը, գաջը և այլ նյութերը պետք է պահեստավորվեն փակ տարածքներում, իսկ ընկերությունները պարտավոր են ունենալ օդի որակի մշտադիտարկման սարքեր։

Հոկտեմբերի 6-ի գործակարգավարական նիստին քաղաքապետը շեշտեց, որ մայրաքաղաքի օդն աղտոտող կառուցապատողները պատասխանատվությունից չեն խուսափելու․ շինթույլտվությունների երկարաձգման ժամանակ նրանք կպատժվեն և արտոնություններից չեն օգտվի։

«Շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման հնարավոր վճարների ու տուրքերի արտոնությունները կտրականապես պայմանավորված են լինելու շինհրապարակների պատշաճ կահավորմամբ։ Եթե չլինեն փոշու կլանիչ ցանցեր, օդի որակի չափիչ սարքեր կամ շինհրապարակը կազմակերպված չլինի, ապա դա ֆինանսական լուրջ հետևանքներ կունենա կառուցապատողների համար»։

Ավինյանը նաև հիշեցրեց, որ փոշեկլանիչ ցանցեր չունենալու համար սահմանված տուգանքը 70 հազար դրամ է։ Սակայն, ըստ քաղաքապետի, շատերը նախընտրում են այդ գումարը վճարել, քան ներդրում անել և լուծել այդ խնդիրը։

Երևանի քաղաքապետը ներկայացրեց նաև շինհրապարակներում տեղադրված 166 սարքերի տվյալները, ըստ որոնց՝ օգոստոսին և սեպտեմբերին օդի որակը մայրաքաղաքում բավական լավ է եղել։

«Լուրերը, թե Երևանում ամռանը կամ աշնանը օդի որակը չափազանց վատ է, իրականությանը չեն համապատասխանում։ Խնդիրները սկսվելու են նոյեմբերին, և այդ ուղղությամբ մենք անելիքներ ունենք»։

Երևանի ավագանին նախատեսում է դեկտեմբերին ոլորտի կարգավորումները խստացնող որոշումներ ընդունել։ Քաղաքապետը նշեց, որ կանոնները խախտող կառուցապատողները խստորեն պատժվելու են, նույնիսկ հետահայաց կարգով, երբ գա շինթույլտվությունները երկարաձգելու ժամանակը։

Կարդացեք նաև

Back to top button