ԿարևորՀասարակություն

«Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձեւության միջև». նորաձևությունը և արվեստը կհամատեղվեն Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայ դիզայներները, ոգեշնչված Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող արվեստի նմուշներից, ստեղծել են նոր աշխատանքներ։ Հոկտեմբերի 24-ից Հայաստանի ազգային պատկերասրահում հանրության համար կբացվի «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձեւության միջև» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմամբ կազդարարվի Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։ 

Այս ցուցահանդեսը կդառնա հարթակ, որտեղ կհամադրվեն ժամանակակից նորաձևությունը, ստեղծարարությունը, վարպետությունը և կերպարվեստը՝ ներկայացնելով դինամիկ երկխոսություն մշակութային ինքնարտահայտման և միջազգային նորաձևության միտումների միջև։

Դիզայներները նախապես այցելել էին Ազգային պատկերասրահ, ուսումնասիրել ցուցանմուշները և դրանցից ոգեշնչվել՝ ստեղծելով նորաձևության յուրօրինակ նմուշներ, որոնք կներկայացվեն հանրությանը։ 

Երևանի նորաձևության շաբաթը, որն ավանդաբար համախմբում է դիզայներների, արվեստագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և նորաձևության սիրահարների, այս տարի հատկապես ընդգծում է նորարարության և մշակութային ինքնության կարևորությունը։

«Մեզ համար կարևոր էր նորաձևությունը դիտարկել ոչ միայն որպես արդյունաբերություն, այլև՝ ստեղծագործական լեզու։ Այս ցուցահանդեսը և Նորաձևության շաբաթի մեկնարկը ցույց են տալիս, թե ինչպես կարող են հայ դիզայներները վերաիմաստավորել ազգային ժառանգությունը և վերածել այն ժամանակակից գեղագիտության»,- նշում են միջոցառման նախաձեռնողները։

Հատկանշական է, որ նմանօրինակ ցուցահանդեսներ արդեն իսկ իրականացվել են աշխարհի առաջատար թանգարաններում՝ Լուվրում, Մետրոպոլիտենում և այլուր։ Նորաձևությունը թանգարանային միջավայրում ներկայացվել է որպես արվեստի մեկնաբանության յուրօրինակ ձև, ինչի շնորհիվ այն վերածվել է մշակութային երկխոսության կարևոր գործիքի։

Ցուցահանդեսը նախաձեռնել են Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը, Մշակույթի զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային պատկերասրահը։ 

Կարդացեք նաև

Back to top button