
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնում է խզել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնն Ուկրաինային մատակարարի հեռահար Tomahawk (Տոմահավկ) թևավոր հրթիռներ:
«Կային հարցեր, որոնք կապված էին զենքի նոր համակարգերի, այդ թվում՝ հեռահար, բարձր ճշգրտության Tomahawk համակարգերի մատակարարման հետ կապված հարցերի քննարկման հետ: Ես ասացի, որ դա կհանգեցնի մեր հարաբերությունների խզմանը»,-«Ռոսիա 1»-ի եթերում ասել է Պուտինը ։
«Ես իմ կարծիքն եմ ասում: Բայց թե ինչպես կզարգանան իրադարձությունները (Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում-խմբ.), կախված չէ միայն մեզանից և ոչ միայն ինձնից»,-ընդգծել է Պուտինը։
The Telegraph-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թրամփից «Tomahawk» հրթիռներ է խնդրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փակ հանդիպման ժամանակ:
Զելենսկին հայտարարել է, որ նրանք «կստիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու խաղաղության համաձայնագիրը»։
Wall Street Journal-ը հոկտեմբերի 1-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն համաձայնել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել սահմանից հեռու գտնվող ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Reuters-ի աղբյուրները, սակայան, ավելի հավանական են համարում, որ կմատակարարվեն կարճ հեռահարության հրթիռներ։
Tomahawk հրթիռներն ունեն մինչև 5500 կմ հեռահարություն՝ կախված մոդիֆիկացիայից։ ATACMS հրթիռները, որոնք Ուկրաինային մատակարարվել են 2024 թվականին, կարող են հարվածել մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին։




