ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում ընդդիմությունը երթ է անցկացնում

Թբիլիում ցուցարարները երթով շարժվում են դեպի Ռուսթավելի պողոտա՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին։ Վերջնական հավաքատեղին Ազատության հրապարակն է։ Կարգը պահպանելու համար Վրաստանի մայրաքաղաքի տարբեր մասերից քաղաքի կենտրոն են տեղափոխվել անվտանգության ուժեր։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ ներքին և արտաքին ուժերն անկարգություններ են պլանավորում, սակայն իրավապահ մարմինները կպահպանեն կարգը։ Կուսակցությունը վստահ է, որ կհաղթի բոլոր 64 համայնքներում։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում երկրի 64 համայնքներում և շրջաններում։ Քվեարկության արդյունքներով կընտրվեն հինգ քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Բաթումիի, Ռուսթավիի և Փոթիի քաղաքապետերը, ինչպես նաև 59 համայնքների տեղական քաղաքային ժողովների (սակրեբուլո) անդամները։

Ընտրություններին մասնակցում է տասներկու քաղաքական կուսակցություն, իսկ որոշ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են բոյկոտի մասին։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից գործող քաղաքապետ Կախա Կալաձեն, որը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։

Կարդացեք նաև

Back to top button