
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս խմբավորումը մինչև կիրակի երեկո պետք է ընդունի Գազայի հատվածի համար իր խաղաղության ծրագիրը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, Համասի զինյալները կոչնչացվեն:
«Եթե համաձայնագիրը ստորագրելու այս ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ չիրականացվի, Համասն աննախադեպ դժոխային փորձության հետ կբախվի», — գրել է Թրամփը Truth Social ցանցում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ երկրների կողմից նախկինում հավանության արժանացած ծրագրի համաձայն, Գազայում պատերազմը կավարտվի 72 ժամվա ընթացքում՝ ողջ մնացած իսրայելցի 20 պատանդների ազատ արձակումից և մահացածների աճյունների վերադարձից հետո։ Դրա դիմաց Իսրայելը կազատի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների:
20 կետից բաղկացած ծրագիրը լիովին բացառում է Համասի մասնակցությունը Գազայի կառավարման գործում և ապագայում պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորություն է թողնում։
Ծրագրի հրապարակումից կարճ ժամանակ անց Նեթանյահուն կրկին ասել է, որ դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը։ «Դա նախատեսված չէ համաձայնագրում։ Մենք հայտարարել ենք, որ կտրականապես դեմ կլինենք պաղեստինյան պետության ստեղծմանը», — Սպիտակ տանը արարողությունից կարճ ժամանակ անց տեսաուղերձում հայտարարել է նա։
Ծրագրով նաև նախատեսվում է, որ Գազայի հատվածը ժամանակավորապես կկառավարվի «տեխնոկրատական, ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեի կողմից՝ «Խաղաղության խորհուրդ» կոչվող նոր միջազգային անցումային մարմնի վերահսկողության և հսկողության ներքո», որը, ըստ փաստաթղթի, կղեկավարի անձամբ Թրամփը։
Truth Social-ում իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը կոչ է արել «բոլոր պաղեստինցի քաղաքացիական անձանց անհապաղ լքել տարածքը, որտեղ ապագայում կարող են մեծ թվով զոհեր լինել, և տեղափոխվել Գազայի ավելի անվտանգ մասեր»։
BBC-ի փոխանցմամբ՝ միջնորդները կապ են հաստատել Գազայում Համասի ռազմական թևի ղեկավարի հետ, և նա հստակեցրել է, որ համաձայն չէ ԱՄՆ-ի կողմից առաջարկված հրադադարի ծրագրի հետ։
Համասի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը չորեքշաբթի AFP-ին հայտնել է, որ շարժումը ցանկանում է փոփոխել համաձայնագրի մի քանի դրույթներ, այդ թվում՝ զինաթափման կետը։
Համասի առաջնորդները նաև պահանջում են «միջազգային երաշխիքներ» Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման համար։




