ԿարևորՀասարակություն

Իրանական «ԻՌՆԱ» գործակալության գործընկերները հյուրընկալվել են Հանրային ռադիոյում

Հանրային ռադիոն հյուրընկալել է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ԻԻՀ փոխդեսպան Բահրամ Թահերին, գործակալության գլխավոր տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին, ՀՀ-ում Իրանի դեսպանության և ԻՌՆԱ-ի այլ ներկայացուցիչներ։

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հրավերով Հայաստան այցելած հյուրերը շրջայց են կատարել Հանրային ռադիոյում, եղել լեգենդար «Կարմիր ստուդիայում», հետաքրքրվել ցուցադրված այն նմուշներով, որոնք երկու երկրների մշակութային կապերի վկայությունն են։

Իրանցի գործընկերները նաև ծանոթացել են ռադիոյի ձայնային արխիվում ընթացող թվայնացման բարդ աշխատանքներին։

Հայաստանի «ձայնային Մատենադարանը» համարվող արխիվում պահվող մի քանի հարյուր հազար ձայնագրությունների թվում մեծաթիվ են նաև պարսկերենով բացառիկ հարցազրույցներն ու կատարումները, որոնցով տպավորված՝ հյուրերը հետագայում դրանց մասին տեղեկություններ ստանալու, դրանց հանգամանորեն ծանոթանալու հետաքրքրություն են հայտնել, խոսել թվայնացման գործընթացում փորձի փոխանակման հնարավորությունների մասին։

Հայաստանի Հանրային ռադիոն, որպես երկրի ամենաբազմալեզու լրատվամիջոցներից մեկը, ի թիվս 11 լեզուների, լրատվություն է հաղորդում նաև պարսկերենով։ «ԻՌՆԱ»-ի ներկայացուցիչները նշել են, որ իրենց համար Հայաստանին առնչվող տեղեկությունների հիմնական աղբյուրներից մեկը հենց սա է։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել բուն լրատվական աշխատանքին առնչվող հարցեր։ Նախանշվել են «Ռադիոլուր» լրատվական ծրագրի հետ գործակցության քայլեր՝ հատկապես ապատեղեկատվության դեմ պայքարում կարևորելով հավասարակշռված ու ճշգրիտ տեղեկատվության փոխանակումը։  
Հյուրերին տեղեկացվել է, որ Հանրային ռադիոն պատրաստվում է եկող տարի նշել իր 100-ամյակը, ինչն էլ առաջիկա նոր հանդիպման լավ առիթ է դիտարկվել։

ԻԻՀ փոխդեսպան Բահրամ Թահերին մեծապես կարևորել է տարածաշրջանային իրադարձությունների հավասարակշռված ու գրագետ լուսաբանումը՝ այս համատեքստում ընդգծելով, որ պաշտոնական մակարդակում հայ-իրանական գործակցությունը երբեք այսքան բարձր մակարդակի չի եղել։ Իսկ Անսարիի այցը Թահերին դիտարկել է որպես Հանրային ռադիոյի հետ գործակցության հնարավոր սկիզբ։

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին ներկայացրել է իր ղեկավարած լրատվամիջոցի աշխատանքն ու անելիքները։ Իրանցի և հայ ժողովուրդների պատմական, քաղաքակրթական ու մշակութային սերտ կապերն ու ջերմ հարաբերությունները Անսարին նաև լրատվական ոլորտում գործակցության խթանման ամուր հիմք է համարել։

Կարդացեք նաև

Back to top button