
Սպիտակ տունը հայտարարում է, որ առաջիկա երկու օրում կսկսվեն դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ՝ shutdown-ի հետեւանքով, գրում է BBC-ին։
Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել ժամանակին համաձայնության գալ բյուջետային ծախսային ծրագրի շուրջ, ինչի հետևանքով երկիրը կանգնել է տնտեսական լուրջ վտանգների առջև։
Սենատը դադարեցրել է աշխատանքը, ինչը մեծացնում է մտավախությունը, որ ճգնաժամը կարող է տևել շաբաթներ՝ վտանգի տակ դնելով հարյուր հազարավոր աշխատատեղեր, ԱՄՆ տնտեսությանը պատճառելով միլիարդավոր դոլարների կորուստ։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտի հետ միասին, մեղադրել է դեմոկրատներին քաղաքական խաղերի մեջ։
«Եթե նրանք այդքան անհանգստացած են դրա ազդեցության համար, ապա պետք է վերաբացեն կառավարությունը, այլ ոչ թե բողոքեն մեր արձագանքից»,- ասել է Վենսը։
Լիվիտն իր հերթին հաստատել է, որ կրճատումները «անխուսափելի» են․
«Երբեմն ստիպված ես անել այն, ինչ չես ուզում անել։ Դեմոկրատներն են մեզ այս վիճակում դրել»,- ասել է նա։
Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը իր հայտարարությունում ընդգծել է, որ հանրապետականները փորձում են ճնշում գործադրել դեմոկրատների վրա՝ ստիպելով ընդունել ֆինանսավորման իրենց տարբերակը։
ԱՄՆ դաշնային կառավարությունը չորեքշաբթի կեսգիշերին ֆինանսավորման պակասի պատճառով մասամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի օրինագծի շուրջ։
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատը մերժել է երկու կուսակցությունների կողմից առաջարկված երկու օրինագծերը։ Այսպես կոչված «շաթդաունից» խուսափելու համար հանրապետականների առաջարկած օրինագիծը, որն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատում, Սենատում ստացել է 55 ձայն, 45-ը դեմ են եղել։ Դեմոկրատների օրինագիծը ստացել է 47 կողմ և 53 դեմ ձայն։ Վերին պալատում հաստատման համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն։




