ՀասարակությունՌեպորտաժներ

Երբ մարդուն ուղիղ իմաստով վերադարձնում են լույսը․ «Հայկական ակնաբուժության նախագծի» 23-րդ միջազգային համաժողովը՝ Երևանում

Մանե Խանդանյան, Ալինա Սաակյան
«Ռադիոլուր»-ի համար

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 23-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, հերթական նոր հնարավորություններն է բացել  ոլորտի ու ոլորտի մասնագետների համար։ ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի առաջատար բժշկական համալսարաններից և ակնաբուժական կենտրոններից այս նպատակով Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ բժիշկ-կամավորներ Հայաստանում էին՝ ոլորտի միջազգային նորությունները հայ գործընկերների հետ քննարկելու և փորձի փոխանակման համար։ Մասնագետները մեծապես կարևորել են փորձի փոխանակումն ու ոլորտի նորամուծությունները պրակտիկայում կիրառելը։

Հինգ տարեկան Անին, անունը՝ պայմանական, ի ծնե ունեցել է երկու աչքի կատարակտ։ Ակնաբուժական այս խնդիրը ենթադրում է գույների մթագնում, պղտորված տեսողություն, լույսի փոխարեն լուսավոր երիզ տեսնելը։ Առողջական այլ խնդիրների հետ համակցված տեսողական խնդիրները  վիրահատությանն այլընտրանք չէին թողնում։ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ծրագրերը դարձան նոր հնարավորություն աղջնակի համար։ Դեռ միայն վիրահատվել է մեկ աչքը, 7 ամիս անց արդեն նկատելի է առաջընթաց։ Երեխայի տեսողությունը նկատելիորեն լավացել է։

Մյուս աչքը նախատեսվում է վիրահատել 2 տարի անց։ Բժիշկները լիահույս են, որ փոքրիկի տեսողությունն աստիճանաբար կլավանա։
«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը միայն հնգամյա Անիին չէ, որ բառի ուղիղ իմաստով վերադարձրել է աչքի լույսն ու կյանքի գույները։ Նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի էջերում բազմաթիվ նման անուններ կան։ Հիմնադրամն արդեն 33 տարի աշխատում է Հայաստանում ակնաբուժական համակարգի բարելավման ուղղությամբ։ Աշխատանքի արդյունքներից են, մասնավորապես․

Կազմակերպվել է 40 բժշկական առաքելություն ԱՄՆ-ից Հայաստան.

60 ակնաբույժներ ԱՄՆ-ից և այլ երկրներից իրենց միջոցներով այցելել են Հայաստան` իրենց փորձը փոխանցելու Հայաստանի ակնաբույժներին և բուժելու հիվանդներին:

Տրամադրվել են ավելի քան 19 միլիոն դոլարի ակնաբուժական սարքավորումներ և բուժպարագաներ ամերիկյան դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների և անհատների կողմից:

Մշակվել են արևմտյան ակնաբուժության չափանիշներին համապատասխանող հետդիպլոմային ուսումնական ծրագրեր և մեթոդներ: Հեղինակվել և տպագրվել են գիտական նոր աշխատություններ, որոնք նոր ասելիք են ենթադրում ակնաբուժության ոլորտում։

«Հայկական ակնաբուժության նախագծի» ղեկավար Նունե Եղիազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում թվարկում է ծրագրերը, որոնք Հայաստանում էականորեն փոխել են ակնաբուժական ծառայությունների որակն ու բարձորակ ծառայությունները հասանելի դարձրել անգամ մարզերում՝ աչքի շարժական հիվանդանոց, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, մարզային հինգ ակնաբուժական կենտրոններ, ախտորոշիչ ակնաբուժական 5 կլինիկաներ, որոնցից վերջինը բացվեց հենց այս առաքելության ընթացքում։ Նունե Եղիազարյան․

Մենք նաև հիմնել ենք ակնաբուժական երեք պոլիկլինիկական կենտրոններ։ Բացի այդ, ընդլայնել ենք շաքարային դիաբետի ծրագիրն ու ստեղծել դիաբետի դպրոցներ։

Նախագծի շրջանակում արդեն 20 տարի Հայաստանում կազմակերպվում են միջազգային համաժողովներ։ Հերթականը Հայաստան է բերել արտերկրի առաջատար ակնաբույժների, որոնք իրենց փորձն են փոխանցում հայ գործընկերներին, կիսվում մասնագիտական դիտարկումներով, ներկայացնում ոլորտի նորարարությունները, որոնք գուցե դեռ չեն հասել Հայաստան։ Եղիազարյանը սա լուրջ անելիք է համարում։

«Մենք կարող ենք արտերկրից բազմաթիվ մասնագետների բերել Հայաստան, որպեսզի մեր բժիշկները հնարավորություն ստանան նրանց հետ աշխատել և համագործակցության նոր հնարավորություններ գտնել։ Դա հատկապես կարևոր է, քանի որ փորձի փոխանակման միջոցով մեր բժիշկները կարողանում են համալրել իրենց գիտելիքները»։

Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանն այսօրինակ նախաձեռնությունները և արտասահմանից մասնագետների մասնակցությունը համարում է լուրջ ներդրում Հայաստանի ապագայի մեջ։ Տեսաուղերձում Օհանեսյանը խոստացավ առաջիկայում նոր անելիքների ու հանդիպումների մասին ևս խոսել:

Մասնավոր այս նախաձեռնությունը ոլորտի համար որոշիչ է համարում նաև Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը՝ փոխանցելով որոշ տվյալներ, ըստ որոնց՝

«Տեսողական խնդիրները շարունակում են նվազեցնել կյանքի որակը չնայած ակնաբուժության ոլորտի և նոր տեխնոլոգիաների զարգացմանը՝ խնդիրների ծավալը մեծացել է, ակնային հիվանդությունները երիտասարդացել են։ Անհրաժեշտ է գտնել արդյունավետ լուծումներ, այդ լուծումներից մեկն էլ այսօրվա հանդիպումն է, որը կայանում է ՀԱՆ-ի 65-րդ բժշկական առաքելության շրջանակում»։

 Նունե Եղիազարյանն առաջիկա ծրագրերից թվարկում է Հայաստանի ողջ տարածքում գլաուկոմայի հայտնաբերման սքրինինգը և, մասնագիտական լեզվով ասած, նեղանկյուն գլաուկոմայի բուժումը, նաև՝ Չոր աչքի գերազանցության կենտրոնի ստեղծումն ու մանկական ակնաբուժության ոլորտում հետազոտական աշխատանքները։ Բայց ոչ միայն։

Եղիազարյանը խոսում է նաև աչքի խնամքի տարրական կանոնների պահպանության մասին, որոնք պետք է նպաստեն տեսողության պահպանմանը։ Այս նպատակով է, որ աչքի խնամքի մասին հանրամատչելի գրականություն է հասանելի դարձել ոչ միայն արդեն աչքի խնդիր ունեցողներին, այլև դպրոցահասակ երեխաներին։

«Այս ծրագիրը միայն բժիշկների պատրաստման համար չէ այն ուղղված է նաև հասարակության իրազեկմանը։ Դպրոցներում երեխաները հատուկ գրքեր են ստանում՝ սովորելու աչքի կառուցվածքի մասին, իմանալու վտանգավոր շարժուձևերը և անվտանգության կանոնները։ Հատուկ գիրք կա 3-րդ դասարանի աշակերտների համար, որը պատրաստվել է Հայկական ակնաբուժության կողմից և հաստատվել Կրթության նախարարության կողմից։ Ծրագիրն ընդգրկում է նաև ծնողների և մեծահասակների համար տեղեկատվական նյութեր՝ աչքի և աչքի հետ կապված հիվանդությունների մասին, ինչպես նաև դիաբետի դպրոցներ, որոնք հանրային կրթության կարևոր հարթակ են»,– նշեց Ն․ Եղիազարյանը։

Առանձնակի կերպով քննարկվել է արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ: Այն զգալիորեն հեշտացրել է աշխատանքը՝ պատմում են մասնագետները․ օրինակ՝ նախկինում աչքի ցանցաթաղանթի հիվանդությունը պարզելու համար բժիշկը ձեռքով էր վերլուծում հետազոտության պատկերները, ինչը ժամանակատար էր։ Այժմ համակարգը վայրկյանների ընթացքում մշակում է տվյալները և ցույց տալիս հնարավոր խանգարումները։ Ստուգումները դարձել են ավելի արագ ու ճշգրիտ, թեև, ինչպես շեշտում են մասնագետները, տեխնոլոգիան երբեք չի փոխարինի բժշկին։ Ակնաբույժ Լիլիթ Ոսկանյան․

«Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ որոշ չափով հետ է մնացել, սակայն վերջին երեք տասնամյակում ծրագրի շրջանակում ձևավորված գիտաժողովներն ու կոնֆերանսները հնարավորություն են տալիս վերացնել թերությունները, ամրապնդել ձեռքբերումները և ապագա ակնաբուժական հիվանդությունների բուժման գործընթացում առաջնորդվել լավագույն փորձով»։ 

Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանեսյան նշում է, որ արդեն երեք տասնամյակից ավելի իրենց թիմը մշտապես գործակցում է հայ մասնագետների հետ․ այցելում են տարբեր հիվանդանոցներ, հանդիպում տարբեր մարզերի հիվանդների հետ, տեղում վիրահատություններ անելով՝ կիսվում փորձով։

«Ամեն տարի մենք շատ լավ համագործակցություն ենք ունենում հայ բժիշկների և մեզ այցելող բժիշկների հետ, որոնց մեծ մասը հայ չեն։ Իսկ կոնֆերանսը մեր մեկշաբաթյա ծրագրի եզրափակիչ մասն է մենք հանդիպում ենք հիվանդների, վիրահատություններ ենք կատարում, այցելում ենք տարբեր կենտրոններ։ Կոնֆերանսի ժամանակ փոխանակվում ենք գաղափարներով, և շատ ոգեշնչող է տեսնել, թե որքան է զարգացել բժշկական օգնությունը Հայաստանում»։

Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի և ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN) https://www.eyecareproject-armenia.com/։
Սա կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:

Կարդացեք նաև

Back to top button