
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը, «Ազատությանը» հայտնել է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա՝ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն, Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայցուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:




