
Սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում չկա, ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մինչդեռ՝ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը… դատարանը արձանագրեց, որ այս պայմանավորվածությունը որևէ կերպ չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, կողմերը արձանագրել են, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները դարձել են անկախ պետություններ և այդպիսին ճանաչվել միջազգային հանրության կողմից, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, չունեն տարածքային պահանջներ մեկը մյուսի նկատմամբ և պարտավորվում են ապագայում չբարձրացնել նման տարածքային պահանջներ։




