
Անցնող շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հնարավորություն ունեցան ՄԱԿ-ի բարձր ամբիոնից միջազգային հանրությանն ուղերձներ հղել, որոնցից պետք է պարզ դառնար, թե առաջիկայում որ ուղղությամբ է շարժվելու Հարավային Կովկասը, որտեղ վերջին 2 ամսվա ընթացքում, ըստ վաշինգտոնյան պայմանավորվածությունների, խաղաղություն է հաստատվել։ Փաշինյանն ու Ալիևը խոսեցին երկու օրվա տարբերությամբ․ նախ՝ Ալիևը, հետո՝ Փաշինյանը։ Նրանց շեշտադրումները, սակայն, ակնհայտորեն տարբերվում էին, քանի որ Ադրբեջանի նախընտրած խոսույթը հարցեր է առաջացրել հայկական կողմի համար, որոնց մասով պարզաբանումների իր ակնկալիքը Հայաստանի վարչապետը պահանջեց հենց ՄԱԿ-ի ամբիոնից։
Փաշինյանն ու Ալիևը ՄԱԿ-ում խոսեցին տարբեր լեզուներով, և սա առաջին հերթին քաղաքական խոսույթի մասին է։ Հայաստանի վարչապետն այժմ պարզաբանման է սպասում Ադրբեջանի նախագահից՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները չպահելու համար։ Պարզաբանման անհրաժեշտության մասին Փաշինյանը բարձրաձայնեց հենց ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղից էլ ընդամենը երկու օր առաջ Ալիևը Հայաստանը ներկայացնում էր որպես կապիտուլյացիայի ենթարկված ագրեսոր և ռազմական հանցագործ մի երկիր, որի տարածքով անցնելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։

Միջազգային հարթակներում և եվրոպական առաջադեմ մամուլում իր երկրի համատարած կոռուպցիայով և բռնապետական քայլերով հայտնի առաջնորդը պնդեց՝ Ադրբեջանը պատրաստ է կիսվել հաջողության հասնելու իր փորձառությամբ։ Այդ ամենի դիմաց սպասում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չեղարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 44-օրյա պատերազմի օրերին։
ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևի՝ խիստ վիճելի և հակասական ձևակերպումներով «համեմված» 17 րոպեանոց ելույթին Հայաստանի վարչապետը պատասխանեց մոտ 26 րոպե տևած ելույթով, որի ընթացքում առավելապես խոսեց տարածաշրջանում նոր իրողությունների և խաղաղության մասին՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։
Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց, իր ձևակերպմամբ, հասարակություններին գրգռող և ոչ լեգիտիմ խոսույթին, որը կիրառվում է ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ադրբեջանցի գործընկերոջը Փաշինյանն առաջարկեց կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման վրա։
Պարզաբանումներ Ալիևից հայկական կողմն ամեն դեպքում սպասում է կոնկրետ երկու դրվագով, և դա փոխանցվեց հենց ՄԱԿ-ի ամբիոնից․
«Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի՝ իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ո՞րն է համատեղ դժվարին ջանքերով ձեռք բերված ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովման իմաստը։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ի՞նչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի և Ալիևի ելույթները հակասական արձագանք են ստացել Հայաստանում։ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն, օրինակ, ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի վարչապետը չի անդրադարձել հարցին, որ Ջերմուկի և այլ բնակավայրերի տարածքները հենց Ադրբեջանն է օկուպացիայի տակ պահում։

Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկեր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի պատկերացմամբ՝ բավարար չէր հատկապես այսպես ասած «Հայաստանի կապիտուլյացիայի» մասին հայտարարության պատասխանը․
«Հայաստանը չի կապիտուլացվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներով, Հայաստանը չի կապիտուլացվել դրանից հետո, Հայաստանը չի կապիտուլացվել անգամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից հետո, Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի։ Ահա սա պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի արձագանք-պատասխանը։ Հանած միտք կա։ Երկու ամիս առաջ բան եք պայմանավորվել, եթե դուք բազային ձևակերպումների մեջ պայմանավորվածությունը չեք կարող պահել, բա դուք պատկերացնո՞ւմ եք, որ բովանդակային հարցերը սկսեք քննարկել»։
Մինչդեռ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը և դրանում առկա ուղերձները մի քանի դրվագով գոհացրել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին։
«Նիկոլ Փաշինյանը շոշափեց Ադրբեջանի հետ կապված մի քանի պրոբլեմատիկ հարց։ Բարձրացրեց հարց անհետ կորածների և գերիների մասին, կարևորագույն հարցեր, որ հնչեցին ՄԱԿ-ի ամբիոնից։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց հարցեր՝ կապված Ալիևի խոսույթի հետ ու ասաց՝ ինչի՞ հետ է կապված, որ Իլհամ Ալիևը նորից ՄԱԿ-ի ամբիոնից օգտագործեց, այդպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չեմ հասկանում՝ այդ խոսույթն ինչի՞ համար է, որ իբր Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվեց։ Իմ կարծիքով՝ բավականին լավ ելույթ էր, երեք-չորս հարցերում ուղղակի տեղը դրեցի Ալիևին, ու ինձ շատ դուր եկավ, որ ինքը խորհուրդ տվեց Ալիևին՝ կենտրոնանալ վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման վրա, այլ ոչ թե ինչ-որ ոչ լեգիտիմ խոսույթների»։
Բայց, ամեն դեպքում, Գրիգորյանը Հայաստանի վարչապետի խոսքում կցանկանար լսել արցախահայերի վերադարձի իրավունքի մասին ևս։ Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ հայկական կողմը պետք է խոսի այդ խնդրի մասին, որպեսզի դաշնակիցները նույնպես սկսեն դրան անդրադառնալ։
Իսկ մինչ Հայաստանը սպասում է ՄԱԿ-ի ամբիոնից հնչած հակասական հայտարարությունների պարզաբանումներին, Ադրբեջանի մեկ այլ արարք է աղմուկ բարձրացրել Հայաստանում՝ նորից հարցեր առաջացնելով Ադրբեջանի խաղաղ և ազնիվ ձգտումների առնչությամբ։ ԱՊՀ խաղերի բացման արարողության ժամանակ Բաքուն սպորտային միջոցառումը քաղաքականացրել է՝ այն վերածելով հակահայկական տարրերով համեմված շոուի։ Թատերական ներկայացման մի մասը նվիրված է եղել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին։ Ներկայացվել է այսպես կոչված «Երկաթե բռունցքի» արձանը՝ որպես 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ, ցուցադրվել է 44 թիվը։
Պաշտոնական Երևանն առաջնորդվում է տարածաշրջանում կայունության ու կայուն խաղաղության հաստատման օրակարգով՝ այդ ընթացքում նույն կերպ վարվելու կոչը հրապարակավ ներկայացնելով նաև միջազգային հարթակներում։




