
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել 4000 աշխատակցի: Փոփոխությունները տեղի կունենան աշխատանքային գործընթացների թվայնացման և ավտոմատացման ֆոնին, հայտարարել է ընկերության ղեկավարությունն այսօր՝ սեպտեմբերի 29-ին:
Lufthansa-ում, որը Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունն է, այժմ շուրջ 103,000 մարդ է աշխատում: Lufthansa կոնցեռնի մեջ են մտնում նաև Swiss Airlines-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը:
Ընկերությունը մտադիր է շահույթի աճ ապահովել իր ավիաընկերությունների միջև ավելի սերտ համագործակցության և կենտրոնացված կառավարման միջոցով:
dpa լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ ընկերությունն իր շահույթից 20-40 տոկոսի չափով դիվիդենտներ է խոստանում բաժնետերերին։
Նշվում է նաև, որ Lufthansa-ի և Lufthansa Cargo-ի օդաչուները, որոնք Cockpit (VC) արհմիության անդամներ են, սեպտեմբերի 30-ին մտադիր են գործադուլ անել։ Օդաչուների հիմնական պահանջը իրենց կենսաթոշակների բարձրացումն է։ Արհմիությունը պահանջում է, որ գործատուները ավելի մեծ գումարներ մուծեն կենսաթոշակային հիմնադրամին։ Ընկերության ղեկավարությունը մերժում է այդ պահանջը։




