
Իսպանիան արգելել է Իսրայելի համար նախատեսված զենք, զինամթերք կամ ռազմական տեխնիկա տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների կամ նավերի տարանցումը Ռոտա (Կադիս նահանգ) և Մորոն դե լա Ֆրոնտերա (Սևիլիայի նահանգ) բազաներով, հաղորդում է El País-ը։
Թերթի տվյալներով՝ թագավորությունը չի ստուգում ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռները և նավերը, որոնք կանգ են առնում իսպանական բազաներում։ Պենտագոնը կարող էր թաքցնել ամերիկյան նավերով տեղափոխվող բեռը, սակայն, ինչպես թերթն է նշում, դաշնակիցների միջև հարաբերությունները հիմնված են վստահության վրա, որոնց լուրջ վնաս կհասցվեր նման քայլի դեպքում։
Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով Մադրիդը բավականին կոշտ դիրքորոշում ունի Իսրայելի նկատմամբ։ Ավելի վաղ Իսպանիայի նախարարների խորհուրդը հաստատել էր հրամանագիր, որով օրինականորեն ամրագրվել էր Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն։




