ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մերձավանում տեղի ունեցածը միջանձնային վենդետա է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակել

Մերձավանում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանության հավանական վարկածը վրեժխնդրությունը, կամ, այսպես ասած՝ վենդետան է։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր մանրամասներ է ներկայացրել գործի քննությունից։ Ըստ այդմ՝ սպանության հետքերը կապվում են նույն համայնքում 7 ամիս առաջ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ։ Սեպտեմբերի 23-ին սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վոլոդյա Գրիգորյանը։ Գործով այժմ մեկ ձերբակալված կա։

Մերձավանում տեղի ունեցած սպանությունից 4 օր անց առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել։ ՆԳ նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասնում է՝ առայժմ սպանության հնարավոր վարկածը շարունակում է մնալ վենդետան․ սպանության հետքերը տանում են մինչև փետրվարին նույն մարզում տեղի ունեցած մեկ այլ սպանություն։

«Ըստ քննության արդյունքների, այս պահին առկա տվյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը»։

7 ամիս առաջ էլ Մերձավանում կրակոցներ էին հնչել։ Քննությամբ պարզվել էր, որ միջադեպի պատճառը մեքենան արագ վարելն ու միմիանց չբարևելն է եղել։ Վեճը շարունակվել էր, կրակոցներ էին հնչել և Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր։ Իրավապահներն այս դեպքը բացահայտել են, մեղադրյալներ ու ձերբակալվածներ կան, գործը դատարանում է։

«Ըստ էության, օրերս տեղի ունեցածը փետրվարյան իրադարձության շարունակությունն է՝ միջանձնային կոնֆլիկտի տրամաբանության մեջ, իսկ սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վոլոդյա Գրիգորյանը»,-մանրամասնում է Նարեկ Սարգսյանը։

Ոստիկանությունը փետրվարյան միջադեպից հետո մարզում ուժեղացված ծառայություն է իրականացրել, բացատրական աշխատանքներ են տարվել, ոստիկանական հենակետեր են գործել։ Այնուամենայնիվ, վրեժխնդրությունից խուսափել չի հաջողվել։ Նարեկ Սարգսյանը հիշեցնում է՝ ՆԳ նախարարը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Արմավիրի մարզում առկա միջանձնային լարված հարաբերությունների հետ կապված։

Դրանից հետո դեռ սեպտեմբերի սկզբին աշխատանքից ազատվել են մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, իսկ արդեն սպանությունից հետո աշխատանքից ազատվել է նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։ ՆԳՆ խոսնակը վստահեցնում է՝ դեպքի ամբողջական բացահայտումից հետո նաև ծառայողական քննություն կիրականացվի։

«Եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխելու այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են պատասխանատվություն»։

6 ամիս առաջ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Վոլոդյա Գրիգորյանի հետ դեպքի օրը նրա երկու ընկերներն են եղել, որոնցից մեկը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը նույնպես սպանվել է։ Իսկ երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը հիվանդանոցում է։ Նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում՝ Վոլոդյա Գրիգորյանի տան բակում հայտնաբերվել է 18 պարկուճ։ Առայժմ աշխատանքներ են տարվում հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

«Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրելու։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք»,-ասում է ՆԳՆ խոսնակը։

Այս պահին էլ միջոցառումն են իրականացվում դեպքի հետ առնչություն ունեցող մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Մամուլում շրջանառվող վարկածները, թե սպանության հիմքում նաև քաղաքական դրդապատճառներ կան, Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին համոզիչ չեն թվում։

«Քննարկվել են առաջ քաշված բոլոր վարկածները և, բնականաբար, բացառելով ենք հասել այս պնդմանը։ Կցանկանայի նաև նշել, որ 24-ժամյա կապի մեջ ենք համայնքապետի ընտանիքի հետ, և ցանկացած վարկած, հնարավոր տեղեկություն շատ արագ ճշտվել ու պարզաբանվել է»։

Այլ մանրամասներ գերատեսչությունն այս պահին չի հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով։ Փոխարենը Նարեկ Սարգսյանը վիճակագրություն է ներկայացնում։ Ըստ այդմ՝  նախորդ տարվա համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել են հրազենով իրականացված հանցագործություններն ու սպանությունները, հակառակ դրան գրեթե կրկնակի ավելացել է հայտնաբերված ու առգրավված ապօրինի զենք-զինամթերքի թիվը։

Կարդացեք նաև

Back to top button