
Արմավիրի մարզի գյուղական մի շարք բնակավայրերում տրանսպորտի խնդիրը շարունակում է մնալ անլուծելի: Օրերս այդ բնակավայրերի թիվն ավելացել է ևս երկուսով: Մրգաշատ և Արևիկ երթուղին սպասարկող միակ ավտոբուսը սեպտեմբերի 22-ից դադարեցրել է աշխատանքը: Տեղի բնակիչները, որոնք հիմնական ուսանողներ են ու այլ բնակավայրերում աշխատողներ, ստիպված են տաքսիներով երթևեկել: Գյուղացիները դժգոհում են ստեղծված իրավիճակից:
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք գյուղեր մարզկենտրոնի հետ հանրային տրանսպորտային կապ չունեն: Տարիներ շարունակ բնակիչներն այդ խնդրից դժգոհել են, տեղական իշխանությունները փորձել են լուծել, սակայն երթուղու՝ շահութաբեր չլինելու պատճառով խնդիրը չի լուծվել: Զրուցում եմ Արմավիրից Շենիկ գնացող ուղևորի հետ:
«Մյասնիկյանի երթուղայինի մեջ եմ, հասնելու եմ Մյասնիկյան, այնտեղ պիտի սպասեմ ու տաքսիով գնամ գյուղ: 2000 դրամով են տանում, իսկ Արմավիրից տաքսին 2500 կամ 3000 դրամով է Շենիկ տեղափոխում: Նայած տաքսու վարորդ: Դժվարություններ ունենք ճանապարհ գնալու առումով»:

Մյասնիկյանում սպասում են, որ գյուղ գնացող պատահական մեքենա անցնի ու դրանով տեղ հասնեն, կամ էլ տաքսի են պատվիրում: Շենիկն Արմավիր-Գյումրի մայրուղուց բավականին հեռու է, Դալարիկը՝ ավելի մոտ: Տարիներ առաջ Արմավիրից այստեղ օրը մի քանի տրանսպորտային միջոց էր գալիս: Երթուղին հիմա չի սպասարկվում՝ ասում է Դալարիկի բնակիչներից մեկը:
«Արդեն 2-3 տարի է, որ Դալարիկն իր տրանսպորտը չունի: Պատահական ենք գնում, գալիս, տաքսիներով: Ժողովուրդը մնացել է անորոշության մեջ, բայց մինչ այդ եղել է, լավ էլ աշխատել է: Հիմա չկա: Քարակերտի երթուղային տրանսպորտով ենք գնում, Լեռնագոգի, Արտենի-Արագածի, դե, պատահական հանդիպած մեքենայով, բայց մեծամասամբ տաքսիներով, որոնք 2000 դրամով են տանում»:
Արմավիրի ավտոկայանից գյուղեր մեկնող երթուղային տրանսպորտ կարելի է տեսնել միայն աշխատանքային օրերին, իսկ հանգստյան օրերին չեն աշխատում: Այստեղ էլ վարորդներն են արդարանում՝ ուղևորափոխադրումն այդ օրերին քիչ է, 2-3 ուղևորի համար երթուղի դուրս չեն գա, վնասով են աշխատում: Մրգաշատ ու Արևիկ գյուղերի բնակիչները չեն համակերպվել իրավիճակին, բայց այլ ելք չունեն ու դարձյալ տաքսիներով են երթևեկում:

«Շաբաթ-կիրակի օրը մարդիկ չգիտեն ինչ անեն, տրանսպորտը չի աշխատում, տաքսիներով ենք գնում, բայց հաճախ տաքսի էլ չի լինում: Ես շաբաթ և կիրակի օրերին առավոտյան ժամը 8:30-ին աշխատանքի եմ Արմավիրում: Պատահած մեքենայով ենք գնում՝ կարող է տաքսի հանդիպի, կարող է 3 հոգով հավաքվենք տաքսի պատվիրենք, կարող է ամուսինս տանի»:
Մրգաշատից Արևիկ ընկած ճանապարհի բարեկարգ չլինելու պատճառով տաքսիները շրջանցում են այն՝ ավելի երկար երթուղին նախընտրելով:
«Կրկնակի փող են ուզում, քանի որ ճանապարհը երկար է: Այն ժամանակ, որ Մրգաշատով էին գնում, 1000 դրամ էին վերցնում, հիմա՝ 2000 դրամ, Արմավիր գյուղի ճանապարհով են անցնում»:
«Երկու գյուղը մի ավտոբուս է սպասարկում: Առավոտյան մի ոտքի տեղ էլ չի լինում, որ մարդիկ բարձրանան ավտոբուս: Մարդիկ դասի են, ուսանող են, գործի են գնում, ավտոբուսի մեջ խեղդոց է լինում: Մինչև Մրգաշատ է հասնում, արդեն վերջին կանգառներից մարդիկ չեն կարողանում ավտոբուս բարձրանալ, որովհետև ո՛չ շնչելու տեղ կա, ո՛չ էլ կանգնելու»:

Այս պայմաններով երթևեկող ուղևորները սեպտեմբերի 22-ին անակնկալի եկան․ գյուղի միակ ավտոբուսն այլևս չի սպասարկում երթուղին: Մրգաշատ գյուղը մոտ 6000 բնակիչ ունի, իսկ Արևիկը՝ գրեթե 3000: Դժվարություններ են ստեղծվել հատկապես ուսանողների և այլ բնակավայրերում աշխատողների համար: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը մրգաշատցի ուսուցչուհի է, աշխատում է և՛ Արմավիր քաղաքի, և՛ Արևիկ գյուղի դպրոցներում:
«Դուրս երթևեկելն անհնարին է դարձել, ինձ հետ բազմաթիվ այլ աշխատողներ կան: Ստիպված տաքսիներով կամ ծանոթների միջոցով ենք տեղ հասնում: Այսքան մեծ գյուղ է, դրսում աշխատողներ ու սովորողներ կան, բայց կանգնել ենք փաստի առաջ: Ուսանողներ ունենք ու ամբողջ գումարը տաքսիներին են տալիս, որպեսզի ճանապարհներին չկանգնեն, չմնան: Սարսափելի իրավիճակ է, երբ է այս հարցը լուծվելու»:
Իսկ խնդիրը լուծվելու էր միասնական երթուղային ցանցի միջոցով, որի մրցույթը կայացել էր 4 տարի առաջ, իսկ արդյունքը մինչև այսօր վիճարկվում է դատարանում:




