
Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտի, շեյխ Աբդուլազիզ բին Աբդուլլա Ալ Շեյխը, որը 25 տարուց ավելի եղել է թագավորության կրոնական առաջնորդը և ծայրահեղ պահպանողական մահմեդական երկրի հասարակական ազատականացման ականատեսը, մահացել է երեքշաբթի օրը՝ 82 տարեկան հասակում, հայտնում է AP-ին։
Նա իր հայտարարություններով հաճախ հանդես է եկել իսլամի կանոնների խստագույն մեկնաբանությամբ։ Օրինակ՝ 2004 թվականին մուֆտին դատապարտել էր բջջային հեռախոսների տեսախցիկները՝ ասելով, թե դրանք կարող են օգտագործվել հասարակության մեջ արատավոր երեւույթներ տարածելու համար։ 2012-ին, պատասխանելով Քուվեյթում քրիստոնեական եկեղեցիների մասին հարցին, հայտարարել էր, որ «տարածաշրջանի բոլոր եկեղեցիները պետք է ոչնչացվեն»։
Սակայն, երբ թագաժառանգ Մուհամադ բին Սալմանն սկսեց երկրում բարեփոխումներ իրականացնել, շեյխ Աբդուլազիզը, թեեւ ոչ միանգամից, մեղմեց իր պահպանողական դիրքորոշումները։ Նա, ի վերջո, հրապարակավ աջակցեց կանանց վարորդական իրավունքը։
Թագաժառանգի բարեփոխումների առաջ մղմանը զուգընթաց նրա ազդեցությունն աստիճանաբար նվազում էր։
Հետաքրքիր է, որ Աբդուլազիզ բին Աբդուլլա Ալ Շեյխը կրոնական վերնախավի այն ընտանիքի ներկայացուցիչն է, որի անդամներից մեկը՝ Թուրքի Ալ Շեյխը, ղեկավարում է Սաուդյան Արաբիայի Զվարճանքի գլխավոր վարչությունը ու հանդես գալիս թագավորության կապիտալը համաշխարհային խոշոր մարզական միջոցառումներում ներդնելու դիրքերից։




