
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ է կայացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Խափանման միջոց ընտրված կալանքը մնացել է անփոփոխ։ Պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում՝ սեպտեմբերի 29-ին։
«Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով: Վերդիկտում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով: Լրացուցիչ դատալսումներ նշանակվում են սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։30-ին»,- ասել է դատավորը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։




