ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կապամոնտաժվի «վառեմ-մարեմ»-ի հայտնի փայտե պատշգամբը․ մասնագետները  կփորձեն ճշգրտորեն վերականգնել այն

Վերականգնվում է Գյումրիի  հայտնի՝ այսպես ասած «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով շենքը, որը հանրությանն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից: Հենց այս փայտաշեն պատշգամբում են նկարահանվել ֆիլմի ամենահայտնի դրվագները, ինչից հետո այն դարձել է քաղաքի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից: Շենքի վերականգնումն իրականացվում է  բարեգործական  միջոցներով:

Գյումրիի պատմական կենտրոնում՝ Աճեմյան փողոցի սկզբնամասում է գտնվում ալեքպոլյան ոճով կառուցված երկհարկանի շենքը: Այն պատկանել է հայտնի վաճառական Խաչատուր Աբովյանցին: Իր յուրահատուկ որմնաքանդակներով ու զարդանախշերով կառույցը կարծես ամբողջացնում է նեղլիկ ու սալարկված փողոցում գտնվող տների ճարտարապետությունը:
«Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի տվյալներով՝  շենքը գրեթե 150 տարվա պատմություն ունի:

«Պիտի նշեմ, որ առաջին հատվածը, որը հիմա հենց վերականգնվում է, պատկանել է մեծահարուստ Աբովյանցներին և կառուցվել է 1870 թվականին: Այն եղել է միահարկ, և եթե մոտենանք շենքին, էնտեղ կտեսնենք նաև արձանագրությունը, փորագրությունը, որը մուտքի վերնամասում է»:

Խորհրդային տարիներին քարե արձանագրությունը գազատար խողովակներ անցկացնելու ժամանակ վնասվել է: Ըստ Ինգա Արշակյանի՝ հետագայում  նույն ոճով կառուցվել է մի քանի նոր մասնաշենք, որտեղ տեղակայված են եղել քաղաքի առաջին փոստային բաժանմունքն ու, ինչպես ընդունված է եղել ասել, եկամտաբեր տունը:

«1895-95 թվականներին կառուցվում է արդեն խալաթովենց շենքը, որի վրա դարձյալ արձանագրություն կա եթե մոտենանք շենքին, կտեսնենք հիմնադրման ստույգ տարեթիվը: Պիտի նշենք, որ սա եկամտաբեր տուն է եղել , այսինքն որպես հյուրանոց կամ վարձակալությամբ տրվող տարածք է եղել, իսկ ինչ վերաբերում է շենքի՝ դեպի այգի գնացող հատվածին, ապա հստակ ևս մի արձանագրություն կա՝ 1913 թվական, ինչը խոսում է այն մասին, որ 1913 թվականին վերակառուցվում է մուտք, համաձայն որի՝ փոստատան է վերածվում արդեն այդ հատվածը, և այդ մուտքով ապահովվում է մուտքը և ելքը դեպի Ալեքսանդրապոլի փոստատներից մեկը»։

Հարուստ պատմություն ունեցող շենքը, սակայն, հայտնի դարձավ 1985 թվականից հետո, երբ այստեղ նկարահանվեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի դրվագներից մեկը, որտեղ վիճաբանում են հանճարեղ դերասաներ Գայլա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի կերտած կերպարներն ու քննարկում տան լույսը վառել-մարելու խնդիրը: Հենց այս փայտաշեն պատշգամբն էլ տեսնելու համար ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են գալիս Աճեմյան փողոց:

«Միացյալ նահանգներից ենք եկել, չնայած երևանցի եմ, պարզապես երկար տարիներ էնտեղ եմ ապրում: Երկար ժամանակ չէի եկել, կինոյից եմ տեղեկացված ամեն ինչ, շատ սիրում եմ Գյումրին, հատկապես դերասաններին․․․ կարոտս առնելու»:

«Դե Ֆրունզիկը մեծություն ա, իրա մեծությունը պետք ա բոլորն իմանան, մեզ համար էլ պարծանք ա , որ նկարվենք թեկուզ իրա նկարի մոտ»:

Բոլորին հայտնի շենքը մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է։ 1988 թվականի երկրաշարժից հետո դարձել է վթարային ու անցած 3 տասնամյակում վերածվել ավերակների: Շենքը վերականգնելու մի քանի ծրագրեր են եղել, բայց բոլորն էլ մնացել են թղթի վրա: Ձեռքից ձեռք անցած շենքը հիմա վերականգնվում է  բարեգործական  հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամի ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ դեռ 2023 թվականին էր շենքը հատկացվել հիմնադրամին, բայց փաստաթղթային և քաղաքի կառավարման խնդիրների պատճառով միայն հիմա են կարողացել սկսել ամրակայման աշխատանքները:

«Կարող եմ ասել, որ այս պահին գրեթե այդ խնդիրները վերացած են»։

  Շենքի վերականգնումը կիրականացվի երկու փուլով: Նախ երկաթե կառուցատարրերով կապահովվի շենքի ֆասադային հատվածի ամրությունը,  հետո  կսկսվեն փլուզված հատվածների ապամոնտաժումն ու փլված տեղերի մաքրումը։
  ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ մի քանի օրից կապամոնտաժվի նաև փայտե պատշգամբը: Ինգա Արշակյանն ու Ռուբեն Մխիթարյանը վստահեցնում են, որ «վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբը կվերականգնվի նույն ոճով, և մասնագետների օգնությամբ կպահպանվի ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքը:

«Պատշգամբի գրագետ ապամոնտաժման խնդիր բարձրացվեց, ուստի և նոր նախագիծ ներկայացվեց ԿԳՄՍ նախարարություն, գիտամեթոդականով որոշում կայացվեց, որ հյուսնի ներկայությամբ պետք է ապամոնտաժվի պատշգամբը,  և այն փայտերը, որոնք, անշուշտ, հնարավոր է հետագայում  վերադարձնել և ամրակայման ընթացքում օգտագործել նոր պատշգամբի վերստեղծման համար, այդ փայտերը նույնպես պետք է օգտագործվեն»։

Արդեն վարպետները, շինարարները գործի ժամանակ կհասկանան՝ ինչն է հնարավոր պահպանել, ինչը՝ չէ: Եթե հնարավոր եղավ պահպանել՝ հրաշալի կլինի, ասում են, եթե չէ՝ կփոխեն՝ ամբողջությամբ կրկնօրինակելով: Մի քանի ամիս մասնագետ է փնտրվել, այս փուլի համար նրանք գտնվել են թե Գյումրիից, թե Հայաստանի այլ քաղաքներից»:

Այս պահին նախանշվում է, որ շենքի ֆասադային  փոփոխություն չի լինելու, բոլոր զարդաքանդակներն ու հին քարերը նույնությամբ պահպանվելու են: Բայց հիմնադրամին հատկացվել է մեծ շենքի միայն 400 քմ հատվածը, որի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2027 թվականին: Նախատեսվում է այստեղ տեղակայել Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը:

Կարդացեք նաև

Back to top button