ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարությունը կների տաքսիստների կուտակած պարտքերը

Մինչև 2019թ Հայաստանում ֆիզիկական անձինք տաքսի ծառայություն իրականացնելու համար պետք է լիցենզիա ունենային։ Հավաստագիրը տրամադրում էր տրանսպորտի ու կապի նախարարությունը։ Այն տրամադրվում էր համապատասխան տուրք վճարելուց հետո միայն։ 2019թ լիցենզավորման պահանջը հանվել է, տուրքը՝ պահպանվել, իհարկե վարորդները չէին վճարում տուրքը, բայց  պարտքը կուտակվում էր։ Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել։

Ֆիզիկական անձինք տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզավորվում էին։ Դրույքաչափերը ամսական, եռամսյակային ու տարեկան էին։ 2019 թ․ օրենսդրական փոփոխությամբ՝ լիցենզավորման տուրքը հանվել էր։ Բայց այդ գործունեությունը մինչև հիմա համարվում է լիցենզավորման ենթակա։ 2015–2019 թթ․ լիցենզիա է տրամադրվել շուրջ 10 հզր անձի։ Նրանցից 5 հազարը պետտուրքի պարտավորություններ են կուտակել՝ ասում է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը․

«Ընդհանուր գումարը կազմում է 1,3 մլրդ դրամ, որից տուրքը շուրջ 900 միլիոնից մի քիչ ավելի է, իսկ տույժը՝ շուրջ 400 մլն դրամի չափով»։

2024 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրման մասին օրենսդրական փոփոխությունները: Հաշվի առնելով, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ավելի քան 90 %-ը կենտրոնացված է պատվերներ ընդունող և փոխանցող էլեկտրոնային հարթակներում, կանոնակարգվել է այդ հարթակների գործունեությունը։ Ըստ այդմ՝ ուղևորափոխադրման ծառայություն մատուցելը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան, ներառվել է ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկ: Այդ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր պատվերի ժամանակ ուղևորին պետք է տեղեկացնեն ընդհանուր արժեքի մասին և վճարման էլեկտրոնային կտրոն տրամադրեն։

«Պետական տուրքի մասին» օրենքի 19.7 հոդվածի 2-րդ մասով սահմանվեցին թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար պետական տուրքի կանխիկ և անկանխիկ վճարումների չափերը, որը կազմում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1,5-ից մինչև 5 %-ը՝ 2024 թ սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թ հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ աճման դինամիկայով»:

2024 թ․ սեպտեմբերից մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը էլեկտրոնային հարթակներ ներառված է եղել տաքսի ծառայություն մատուցող 60-65 հզր ֆիզիկական անձ։ Նրանք այդ ժամանակահատվածում պետական բյուջեն համալրել են 660 մլն, իսկ այս տարվա ութ ամիսներին՝ 2,4 մլրդ դրամի պետական տուրքով։ Կառավարությունն այժմ առաջարկում է համաներում կիրառել չվճարված տուրքի նկատմամբ․

 «Նախատեսված պետական տուրքի և պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներում կիրառելու նախաձեռնության համար հիմք են հանդիսանում  մեր արձանագրած հետևյալ փաստերը։ Ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի 1 ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման գործունեության համար սահմանված պետական տուրքը հանվել է դեռևս 2019 թ հունիսի 20–ից։ Այսինքն՝ գործունեությունը լիցենզավորման ենթակա է, տուրքը հանվել է, սակայն տուրքի նկատմամբ պարտավորությունները մնացել են»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը մտահոգություն ունի։ Պատգամավորն ասում է՝ տուրքն անհասկանալի էր, բայց մնացել էր, այժմ այն ներվում է։ Հնարավո՞ր է՝ մի օր պարզվի, որ քաղաքացին էլի պարտք ունի․

 «Ուզում եմ՝ այս մասը հասկանանք ինչպե ՞ս է լինում, որ երբ օրենքն ընդունվում է տարիներ առաջ, խնդիրը կարգավորվում է, բայց իրականում այդ մարդկանց պարտքը կուտակվում է։ Այսինքն՝ օրենքով մի բան է գրված, իրականությունն ուրիշ է։ Լիցենզիան շարունակվել է, պարտքերը՝ կուտակվել»։

Փոխնախարար Արմեն Սիմոնյանը պարզաբանում է․ երկու իրավակարգավորում կար՝ առանց հարթակի լիցենզիա ստանալը և գործունեություն ծավալելը կամ հարթակի միջոցով հարաբերությունները կարգավորելը։ Քաղաքացին է որոշում՝ ինչպես աշխատի։ Երկրորդ դեպքում վտանգը փոքր է, որ պարտք կկուտակվի՝ ասում է փոխնախարարը․

«Քանի որ հարթակը պատվերի ձևավորման փուլում արդեն իսկ տուրքը գանձում է, այսինքն՝ երբ որ քաղաքացին պատվեր է իրականացնում փոխադրման, և էդ պահին արդեն տուրքը, որը որ պետք է վճարվի պետական բյուջե, գանձվում է և փոխանցվում է ամեն ամսվա հաջորդող մինչև ամսի 10–ը, չէ՞, եթե չեմ սխալվում, կարծում ենք՝ էս առումով նման խնդիրներ չպետք է, որ առաջանան»։

Բայց սա միակ մտահոգությունը չէ․

«Երբ օգտվում ենք տաքսի ծառայությունից, վարորդները նշում են, որ ամսական վճարը պայմանական, օրինակ, 20 հզր կամ 25 հզր դրամ է։ Այդքան գումար վճարում է նվազագույն աշխատավարձ ստացողը։ Բայց դա եկամտահարակ չի համարվում։ Այսինքն՝ ինքը ավելի վճար է տալիս, քան նվազագույն աշխատավարձ ստացողը, ի դեպ, մոտ 1 քառորդը մեր երկրում աշխատում են նվազագույն աշխատավարձով։ Մարդը աշխատում է, ծառայությունը մատուցում, արդյունք ստեղծում պետության համար։ Քաղաքացին կատարում է իր համապատասխան պարտադիր վճարումը, իր  հարկային պարտավորությունը կատարում է, բայց դա չի համարվում աշխատանքային ստաժ, որ հետո կենսաթոշակի համար պետք գա իրեն։ Սա լուրջ խնդիր է, իրականում անարդարություն»։

Փոխնախարարը տեղեկացնում է՝ կարող են ընտրել իրավակազմակերպման որևէ ձև, հարկեր վճարել՝ ունենալով նաև աշխատանքային ստաժ։ Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունները կխրախուսեն անհատապես ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց՝ ծառայություններ մատուցել օրենքով, կատարել պետական տուրքի պարտավորությունները։  

Կարդացեք նաև

Back to top button