
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր և համայնքների միության վարչության արձագանքը Մերձավանում տեղի ունեցած իրադարձություններին:
«Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։
Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ և ամբողջական քննություն իրականացնել` հանցագործության կազմակերպիչներին և կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։
Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին և բնակիչներին՝ ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է և պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։




