ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանում փոքրամասնությունների լեզուների պահպանությունն ու կիրառումը Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում է

Ներդնել ասորերենի, ուկրաիներենի և եզդիերենի դասընթացներ համալսարանական մակարդակով և ապահովել ասորերենի, հունարենի, քրդերենի, ուկրաիներենի և եզդիերենի ուսուցիչների հասանելիությունը, ավելացնել ազգային փոքրամասնությունների միավորումների ֆինանսավորումը, ապահովել, որ օրենսդրությունը նախատեսի փոքրամասնությունների լեզուների հստակ պաշտպանությունն ու խթանումը․ սրանք մի քանիսն են այն առաջարկներից, որոնք արել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ Հայաստանում փոքրամասնությունների լեզուների պահպանության գործն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Սա անելը Հայաստանի համար ոչ թե ցանկություն, այլ պարտավորություն է, որը սահմանվել է 2002-ին ուժի մեջ մտած Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայով։ Այսպես՝ Հայաստանը պարտավորվել է առանձնակի հոգածություն ունենալ ասորերենի, հունարենի, քրդերենի, ռուսերենի, եզդիերենի, գերմաներենի և ուկրաիներենի նկատմամբ և հնարավորություն ստեղծել, որ լեզվակիրները կարողանան սովորել այդ լեզուները և հաղոդակցվել դրանցով անխոչընդոտ։

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի նոր զեկույցում նշվում են Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ խթանելու մշակութային և լեզվական բազմազանությունը։ Սակայն, ըստ փորձագետների, անհրաժեշտ է, որ օրենսդրությունը հստակորեն ապահովի փոքրամասնությունների լեզվի պաշտպանությունն ու խթանումը, և որ դրանք ավելի լայնորեն դասավանդվեն և խթանվեն:

«Հայաստանի իշխանությունների կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2022-ի մարդահամարի ժամանակ 31 079 անձ իրեն հայտարարել է եզդի, 14 076-ը՝ ռուս, 2 755-ը՝ ասորի, 1 663-ը՝ քուրդ, 1005-ը՝ ուկրաինացի և 364-ը՝ հույն։ Հարցաթերթիկը նաև հարց էր պարունակում այն երկրորդ լեզվի մասին, որին Հայաստանի քաղաքացիները լիովին տիրապետում են։ Համաձայն դրա՝ 1 893 181 հայ քաղաքացիներ ազատ խոսում են ռուսերեն, 3940-ը՝ գերմաներեն, 3450-ը՝ եզդիերեն, 2872-ը՝ ասորերեն, 1276-ը՝ ուկրաիներեն, 777-ը՝ հունարեն և 561-ը՝ քրդերեն»։

Այսպես՝ ըստ Խարտիայի կանոնների, այս մարդկանց համար պետք է ստեղծվեն իրենց լեզվով ազատ արտահայտվելու պայմաններ։ Եվրոպայի խորհուրդը ուսումնասիրել է Հայաստանում այդ պայմանների առկայությունը։ Զեկույցում ներկայացված տվյալները հավաքվել են 2025-ի մարտին։ Այնտեղ ծավալուն անդրադարձ է կա դպրոցների համար մշակված «Մշակութային բազմազանություն» ծրագրին, որի նպատակը տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքը խթանելն է: Ծրագրի շրջանակներում 2024-ին փոքրամասնությունների լեզուների դասավանդումն ու ուսուցումը՝ բաց դասերի, ներկայացումների և երգի ու պարի ներկայացումների միջոցով, խթանվել է երկրի մոտ 170 դպրոցներում: Փորձագետների կոմիտեի բոլոր զրուցակիցները հաստատել են, որ փոքրամասնությունների համայնքներում մշակութային միջոցառումները, սեմինարները և ազգային տոնակատարությունները պարբերաբար տեղի են ունենում և ՀՀ կառավարության կողմից ակտիվորեն աջակցվում են, այդ թվում՝ ֆինանսապես։

Լեզուների դասավանդումը, սակայն, երբեմն լիարժեք չէ․

«Ռուսերենի դասավանդումը շարունակում է հասանելի լինել Հայաստանի կրթության բոլոր մակարդակներում: Այլ փոքրամասնությունների լեզուների դասավանդումը տարրական և միջնակարգ դպրոցներում, ընդհանուր առմամբ, ուժեղացվել է, բացառությամբ հունարենի և ուկրաիներենի։ Առաջընթացը սահմանափակ է որակյալ լեզուների ուսուցիչների պակասի պատճառով: Խոսնակների ներկայացուցիչներն ընդգծել են համալսարանական մակարդակով ասորերենի, ուկրաիներենի և եզդիերենի ուսումնասիրությունների ամբիոններ ստեղծելու և բոլոր պաշտպանված փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների վերապատրաստմանը նվիրված ուսումնասիրություններ ապահովելու անհրաժեշտությունը»։

Կրթությունից բացի Փորձագետների կոմիտեն փորձել է հասկանալ՝ արդյո՞ք ազգային փոքրամասնությունները կարող են հաղորդակցվել պետության հետ իրենց լեզուներով։ Այսպես՝ ասորիները, քրդերը և եզդիները հաստատել են իրենց լեզվի կիրառումը քննարկումների ժամանակ, ինչպես նաև բանավոր դիմումներ ներկայացնելու հնարավորությունը:

Ռուսերենի դեպքում որոշ համայնքներում հնարավոր է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցություն: Հունարենը չի կիրառվում իշխանությունների հետ շփումներում։

«Ընթացիկ վարչական-տարածքային բարեփոխումը ներառում է մի քանի համայնքների միավորումը ավելի մեծ կազմավորումների մեջ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ փոքրամասնությունների լեզուների պաշտպանության վրա: Փորձագետների կոմիտեն զգուշացնում է, որ իշխանությունները պետք է ապահովեն, որ վարչական բարեփոխումները չհանգեցնեն փոքրամասնությունների լեզուների ուսուցման կրճատմանը»։

Զեկույցի մեկ այլ ծավալուն հատված վերաբերում է լրատվամիջոցների՝ մասնավորապես Հանրային ռադիոյի գործունեությանը։ Այսպես, ըստ 2020-ին ուժի մեջ մտած «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքի՝ հանրային հեռարձակողները պարտավոր են հեռարձակել ոչ գիշերային հաղորդումներ ազգային փոքրամասնությունների մշակույթի և կյանքի մասին՝ ապահովելով շաբաթական 30 րոպե հանրային հեռուստատեսությամբ և 2 ժամ՝ հանրային ռադիոյով։

Զեկույցում կարդում ենք․

«Ռադիոյով ասորերեն և հունարեն լեզուներով հաղորդումները հեռարձակվում են օրական 15 րոպե, իսկ քրդերենով՝ օրական 30 րոպե: Աշխատանքային օրերին ռուսերենով 15 րոպեանոց վերլուծական լրատվական հաղորդումը շարունակում է հեռարձակվել ամեն օր: Մյուս կողմից, եզդիերենի դեպքում 45 րոպեով ավելացել է նախորդ մոնիթորինգի ցիկլից ի վեր օրական հեռարձակման տևողությունը, կազմելով 75 րոպե: Հանրային ռադիոյի կայքում հասանելի են բոլոր փոքրամասնությունների լեզուներով համապատասխան բաժիններ, ինչը թույլ է տալիս խոսնակներին հետևել այդ լուրերին նաև գրավոր ձևաչափով»:

Հանրային ռադիոն իր armrado.am կայքում հրապարակում է լուրեր՝ 12 լեզվով։ Փորձագետները շեշտել են նաև այն, որ ռադիոն թվայնացրել և վերականգնել է մոտ 1000 եզդիական և քրդական ժողովրդական երաժշտության նմուշներ և վերբեռնել իր արխիվներ, որոնք նաև հասանելի են ռադիոյի արխիվի կայքում և բջջային հավելվածով։

Եվ չնայած կրթության, տիմ-երի հետ հաղորդակցության, լրատվության ապահովման տեսանկյունից զեկույցը դրական շեշտադրումներ է պարունակում, առաջարկներ ևս կան։ Օրինակ՝ նախաձեռնողական մոտեցում որդեգրել խթանելու ասորերենը, հունարենը, քրդերենը և եզդիերենը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ապահովել, որ վարչական բարեփոխումները չհանգեցնեն փոքրամասնությունների լեզուների դասավանդման և դրանց կիրառման կրճատմանը։

Նախարարների կոմիտեն Հայաստանից կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկություն է ակնկալում մինչև 2026-ի նոյեմբերի 1-ը։ Երկիրն իր հաջորդ պարբերական զեկույցը կներկայացնի 2029-ի մայիսի 1-ին։

Կարդացեք նաև

Back to top button