ԿարևորՄիջազգային

«Ռագասա» հզոր թայֆունը 20 մարդու կյանք է խլել

Սեպտեմբերի 24-ի առավոտյան պաշտոնյաները հայտնել են, որ «Ռագասա» գերթայֆունն արդեն խլել է առնվազն 20 մարդու կյանք։

Թայվանում փոթորիկը լայնածավալ ավերածություններ է գործել․ զոհվել է մոտ երկու տասնյակ մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, իսկ 124-ը համարվում են անհետ կորած, գրում է Reuters-ը։

Անհետ կորածների որոնումները շարունակվում են Հուալիեն շրջանում, որտեղ նախորդ երեկոյան ջուրը դուրս էր եկել ամբարտակից և հեղեղել գյուղերը։

Ֆիլիպիններում, որտեղ «Ռագասան» ավելի վաղ էր հասել ափ, զոհվել է առնվազն 6 մարդ, իսկ 4-ը դեռևս անհետ կորած են։

Աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ փոթորիկը վնասել է ավելի քան 190 հազար մարդու։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ սեպտեմբերի 24-ի կեսօրին փոթորիկը կհասնի Չինաստանի հարավային հատվածին՝ պահպանելով գրեթե առավելագույն ուժգնությունը, այնուհետև աստիճանաբար կնվազի, շարժվելով դեպի արևմուտք։

Հոնկոնգում գերթայֆունի պատճառով չեղարկվել են հարյուրավոր չվերթներ, ավիաընկերություններն ուղևորներին առաջարկել են անվճար վերաամրագրումներ։

Քաղաքում բնակիչներն ամրացնում են խանութների ցուցափեղկերն ու առևտրի կենտրոնները։ Իշխանությունները հայտարարել են վտանգի ամենաբարձր՝ 10-րդ մակարդակ։

Չինաստանի Գուանդուն նահանգում ևս ուժեղացվել են անվտանգության միջոցառումները․ դպրոցներում դադարեցվել են դասերը, կասեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, ժամանակավորապես դադարեցվել են շինարարական աշխատանքները։

Այժմ դեպի Ֆիլիպինյան կղզիներ է շարժվում մեկ այլ ցիկլոն՝ «Բուալոյը», որը, ըստ օդերևութաբանների,«տեղ կհասնի» հինգշաբթի։

Կարդացեք նաև

Back to top button