ԿարևորՄիջազգային

Թրամփը Գլխավոր ասամբլեայում խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակամարտությունների լուծման հարցում անգործության մեջ է մեղադրել Միավորված ազգերի կազմակերպությանը։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նա հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունն իր ներուժը չի իրացնում։

Թրամփն ասել է, որ 7 ամսվա ընթացքում վերջ է դրել 7 անվերջանալի պատերազմի, բայց «այդ դեպքերից ոչ մեկում ՄԱԿ-ը նույնիսկ չի փորձել օգնել»։ Այնուհետև հռետորական հարց է տվել. «Ի՞նչ նպատակի է ծառայում ՄԱԿ-ը։ Կազմակեպությունն ունի հսկայական ներուժ, ես միշտ դա եմ ասում, բայց նույնիսկ մոտ չէ դրա իրացմանը»։

Նա մեղադրել է կազմակերպությանը «ոչ միայն եղած խնդիրները լուծելու անկարողության, այլև չափազանց հաճախ նորերը ստեղծելու մեջ»։

Ըստ նրա՝ անօրինական միգրանտները ՄԱԿ-ի աջակցությամբ են մտնում Միացյալ Նահանգներ։ Կազմակերպությունն այդ մարդկանց «ապահովում է սնունդով, բնակարանով, տրանսպորտով», իսկ հետո ԱՄՆ իշխանությունները ստիպված են լինում արտաքսել նրանց։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ անօրինական միգրանտները ներխուժել են եվրոպական երկրներ, սակայն «ոչ ոք ոչինչ չի անում իրավիճակը փոխելու, նրանց արտաքսելու համար»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդը կրկին կոչ է արել եվրոպական երկրներին դադարեցնել ռուսական նավթի գնումները։ «Դուք հովանավորում եք ձեր դեմ մղվող պատերազմը », — ասել է Թրամփը՝ նկատի ունենալով այն երկրներին, որոնք շարունակում են էներգակիրներ գնել Ռուսաստանից։ Նա նաև մեղադրել է Չինաստանին և Հնդկաստանին՝ ասելով, որ նրանք են պատերազմի «հիմնական հովանավորները», քանի որ մեծ ծավալներով ռուսական նավթ են ներմուծում։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ջանասիրաբար աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու ուղղությամբ։ Նա ասել է, որ հույս ուներ «շատ արագ» ավարտել պատերազմը, քանի որ «շատ լավ հարաբերություններ» ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դա տեղի չի ունեցել, և պատերազմը շարունակվում է։

Խոսելով Մերձավոր Արևելքում հակամարտության մասին՝ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պահվող բոլոր պատանդներին: «Ցավոք, ՀԱՄԱՍ-ը բազմիցս մերժել է խաղաղության ողջամիտ առաջարկները», — ասել է նա: -Այժմ, կարծես խրախուսելով հակամարտությունը, ՄԱԿ-ի որոշ անդամներ ձգտում են միակողմանիորեն ճանաչել Պաղեստին պետությունը: ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունների համար այդ պարգևը չափազանց մեծ կլինի»,- նշել է Թրամփը։

Կարդացեք նաև

Back to top button