
Հայաստան ժամանած «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող՝ Հայաստանի ընկերների ցանցի (Friends of Armenia Network) ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։ Նրանք արձանագրել են, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, իսկ թուրքական հատվածում պատրաստվածությունը նույն մակարդակի չէ։ Լրագրողների հետ զրույցում եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն հույս է հայտնել, որ սահմանի բացումը չի ձգձգվի։
Հայ-թուրքական սահմանի հայկական հատվածը՝ Մարգարայի անցակետը, պատրաստ է գործարկման, այն կահավորված է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։ Հայաստան ժամանած «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանցի» ներկայացուցիչները ժամանել են Մարգարայի անցակետ՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին։
Անցակետն ունի խոր զննման անգար, անձնագրի ստուգման կետ, հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։ Սահմանապահները եվրոպացի դիվանագետներին տեղեկացնում են, որ անցակետը բացվել է երկու անգամ։ 1993 թ․ փակված Մարգարայի կամրջով 2023 թ. փետրվարի 11-ին 100 տ մարդասիրական բեռով հինգ հայկական բեռնատար է հատել սահմանը, որ օգնություն հասցնի Թուրքիայում աղետի գոտու բնակիչներին։ Դրանից մի քանի օր անց մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկվել Թուրքիա։
Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաու․
«Մենք այստեղ ենք, որ ավելի լավ պատկերացնենք իրավիճակը հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո, որն իսկապես պատմական է և խաղաղության հույս է բերում։ Մենք սահմանային անցակետում ենք՝ տեսնելու նոր ենթակառուցվածքները, որոնք շատ տպավորիչ են։ Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա շատ շուտով»։
Վեսլաուի գնահատմամբ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած համաձայնություններից հետո սահմանի բացման հարցում խոչընդոտներ պետք է չլինեն․ նրա կարծիքով՝ գործընթացը հարթ կընթանա։
Եվրոպացի փորձագետի կարծիքով՝ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խոստումնալից է, և հույս է ներշնչում, որ կփոխի իրավիճակը տարածաշրջանում։
«Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք տեսնել հարաբերությունների կարգավորում այս տարածաշրջանում։ Սահմանների բացումը պետք է լինի դրա մի մասը, և հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»:
Ֆրեդրիկ Վեսլաուն կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհամախմբի մարդկանց, կմեծացնի փոխըմբռնումը, ինչը, նրա կարծիքով, կարևոր է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։ Նախագծի իրագործումը, նրա գնահատմամբ, կխթանի առևտրի և տնտեսության զարգացումը ողջ տարածաշրջանում, նաև Եվրամիության հետ հարաբերություններում։
Որքանո՞վ է անկեղծ Թուրքիան, երբ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն է հայտնում, բայց դրան զուգահեռ չի իրագործում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու խոստումը։ Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետը հույս ունի, որ դա տեղի կունենա շուտով։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022-ի հուլիսի 1-ին Վիեննայում էին դեռ պայմանավորվել՝ ամենասեղմ ժամկետներում ապահովելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչից հետո Հայաստանի կառավարությունը հայ-թուրքական սահմանին մաքսակետի կառուցման ու վերազինման աշխատանքներ սկսեց։ Արդեն երկու տարի է, ինչ մաքսակետը պատրաստ է։
Հարկ է նկատել, որ հայկական կողմը հստակ ազդանշան է ուղարկում, որ պատրաստ է սահմանի բացմանը՝ լրագրողների հետ զրույցում ասում է Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
«Կարևոր հարց եք տալիս, թե երբ կբացվի սահմանը, մինչդեռ մենք հստակ պատասխան դեռ չունենք, բայց կարծում եմ, որ այն, ինչ այստեղ տեսանք, կարևոր քայլ է սպասումներն արդարացնելու ուղղությամբ»։
Ֆյուլեի խոսքով՝ ԵՄ–ն ցանկանում է աջակցել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա մաս կազմել։
Իսկ ինչ վտանգներ է տեսնում ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատարը «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում։
«Ես հարցերը դիտարկում եմ բոլոր կողմերից, միշտ փնտրում եմ մինուսներ և պլյուսներ գործընթացում։ Ես որևէ մինուս չեմ տեսնում։ Ես որևէ ռիսկ չեմ տեսնում։ Ռիսկ կլինի, եթե մենք չիրագործենք այս նախագծի առնչությամբ մարդկանց սպասելիքները»։
Հայաստան կատարած այցի հիման վրա Ֆյուլեն առաջարկներ է ներկայացնելու, թե ինչպես կարող է ԵՄ-ն ամրապնդել իր աջակցությունը: Նա կարևորում է ԵՄ քաղաքական ուղերձները՝ ուղղված տարածաշրջանի երկրներին և հատկապես Թուրքիային։
Միության սկզբունքների մեջ կարևոր են բաց սահմաններն ու «երկաթե վարագույրի» վերացումը՝ ասում է դիվանագետը և հույս հայտնում, որ Թուրքիան պատրաստ կլինի փոխադարձության։




