
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «թարմացրել» է նախկինում արած բանավիճելու առաջարկը, որն ուղղված է ՀՀ նախկին նախագահներին։
Հայաստանի ներքաղաքական դաշտում՝ գործող և նախկին ղեկավարների մասնակցությամբ, դեռևս հեռակա մեղադրանք–բանավեճ է ծավալվում առայժմ սոցհարթակների տիրույթում։ Գործին արդեն միացել են նաև քաղաքական գործիչների թիմակիցները։
Հայաստանի վարչապետի և նախկին նախագահների միջև հերթական հեռակա բանավեճն է ընթանում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի՝ տարբեր առիթներով արած հայտարարություններին 44-օրյա պատերազմը հրահրելու մասին։
Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին նախ արձագանքել է ֆեյսբուքյան էջում կատարած գրառումներով՝ ուժի մեջ թողնելով բանավեճի առաջարկը և համարելով, որ, մեջբերում եմ, «Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է»։ Բանավեճի առաջին հրավերը Փաշինյանն արել էր նախորդ տարեվերջին։ Դեռ դեկտեմբերին վարչապետը հայտարարել էր, որ մեծ սխալ է գործել` ժողովրդին չտեղեկացրելով, որ ԼՂ հարցով բոլոր տարիների բանակցություններն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու տրամաբանության մեջ են եղել։
Բանակցությունների շուրջ բանավեճի առաջարկն այդպես էլ մնաց օդում կախված։ Նախագահներից ոչ մեկն այն չի ընդունել, բայց արձագանքներ արդեն թիմակիցների մակարդակով եղել են։
«Հստակ ասվել է. հրապարակի՛ր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես, անգամ գիտակցաբար մերժել՝ երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»: Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի։ Հրապարակի՛ր, որ բանավեճը կայանա»:
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճելու ցանկություն հայտնել են նախկին նախագահների կողմնակիցները, օրինակ՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները նույնպես արձագանքել են Հայաստանի վարչապետի գրառումներին՝ ըստ էության բացառելով «առաջին դեմքերի» մասնակցությունը բանավեճին։ Հայտարարությունների ընդհանուր բովանդակությունը վիրավորական-մեղադրական է։
Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է նաև Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում։
«Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարները անընդհատ այդ առիթները տալիս են։ Ասում եմ` եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18-տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ։ Հարգելի ժողովրդավարներ, ինձանից սկսած, բա ինչո՞ւ չեք խոսել սրա մասին կամ ե՞րբ ենք խոսել սրա մասին։ Մարդիկ, որ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ, իրենց քաղաքական գործունեության առաջին օրից ներքաշել են, քիչ չի, կեսն էլ փախել են, գնացել իրենց տանը նստել, այսօր մեզ մեղադրում են։ 18 թվին Հայաստանը պատերազմի մեջ չի՞ եղել, ժողովուրդ։ 17 թվին պատերազմի մեջ չի՞ եղել, 16 թվին, 15–ին չի՞ եղել, 14, 13, 12 և այլն, չի՞ եղել պատերազմի մեջ։ Ո՞նց եղավ դա, մեկը կարո՞ղ է բացատրի։ Մենք այս բաների մասին չենք խոսում»։
Այս թեմաների մասին խոսելու ցանկություն հնչել է նաև Բաքվում՝ զինվորական դատարանում ընթացող դատավարության շրջանակում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել է որպես վկա կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա մասնակցությունը գործընթացին ապահովել տեսակապի միջոցով։
Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել է դատարանին որպես վկա կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էլ միջնորդել է, որ որպես վկաներ կանչվեն ԼՂ-ում ժամանակին տեղակայված ռուս խաղաղապահների վեց գեներալները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իշխանյանը դատարանում հայտարարել է, մեջբերում․
«Ես մի շարք հարցեր ունեմ նրանց։ Արդյո՞ք նրանք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել այստեղ գտնվող 15 անձանց հետ։ Կրկնում եմ՝ ուղղակի կամ անուղղակի։ Կարծում եմ՝ դատարանը նույնպես հարցեր կունենա նրանց»։
Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշված անձանց որպես վկաներ հարցաքննելու անհրաժեշտություն չի տեսել՝ նշելով, թե նրանք կապ չունեն քննվող գործի և առաջադրված մեղադրանքների հետ։ Ուստի, դատախազը դատարանին խնդրել է մերժել միջնորդությունները։
Իսկ արդյո՞ք Հայաստանի դատարաններում կավելանան 44–օրյա պատերազմին առնչվող գործերի դատավարություններ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո։ Հարցին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է պատասխանել, բայց համոզված է, որ փաստաթուղթը հետևանքներ պետք է ունենա։
«Քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չէ։ Մենք տալիս ենք եզրակացություն, զեկույցի տակ դրված փաստացի նյութը հսկայական է։ Դրանք բոլորը գաղտնի, խիստ գաղտնի, հույժ գաղտնի պահանջներով օժտված փաստաթղթեր են, ձայնագրություններ են, որոնք կդրվեն համապատասխան գաղտնի բաժնում, և ովքեր կունենան այդ հնարավորությունները, կծանոթանան։ Վերջին հաշվով հետևանքներ հիմա էլ կան։ Ձեզ համար գաղտնի չէ, որ քննչական մարմինները հազարավոր գործեր են քննում և այնտեղ նաև սկսած պաշտպանության բանակի հրամանատարից, վերջացրած տարբեր զորքերի պատասխանատուներ դեռ քննության և նախաքննական մարմնի տիրույթում են։ Եթե դուք հետևանքները պատկերացնում եք կալանավորումը, պաշտոնազրկումը՝ ամեն ինչ իր հերթին։ Գլխավորը, որ զեկույցը տալիս է շատ հարցերի պատասխան, նա ամբողջացրել է այն ամենը, ինչը հնարավոր էր ամբողջացնել պառլամենտական այս գործիքը ունենալով»։
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության միայն եզրակացությունների հատվածը 20 էջ է, իսկ զեկույցը՝ 200–ից ավելի։ Փաստաթուղթն արդեն ուղարկվել է ԱԺ նախագահին․ լիագումար նիստին քննարկելու ժամկետը դեռ հայտնի չէ։




