ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հղիության ընթացքում չօգտագործել թայլենոլ (դրա հիմնական ակտիվ բաղադրիչը պարացետամոլն է)՝ աուտիզմի հետ հնարավոր կապի պատճառով։ Նրա խոսքով, ամերիկացի բժիշկներին առաջիկայում խորհուրդ կտրվի չնշանակել այն հղի հիվանդներին։
«Կասեմ`Թայլենոլ ընդունելը լավ չէ։ Դա լավ չէ։ Այդ պատճառով նրանք [առողջապահական մարմինները] խստորեն խորհուրդ են տալիս կանանց սահմանափակել թայլենոլի օգտագործումը հղիության ընթացքում, եթե դրա համար բժշկական ցուցում չկա։ Օրինակ՝ շատ բարձր ջերմության դեպքում»,- ասել է Թրամփը առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի-կրտսերի հետ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
AFP-ն գրում է, որ մասնագետների մեծ մասը այս դեղը համարում է հղիության ընթացքում ընդունվող ամենաանվտանգ ցավազրկողներից մեկը։ Tylenol արտադրող Kenvue ընկերությունը ևս համաձայն չէ ամերիկյան իշխանությունների եզրակացությունների հետ։
«Մենք գտնում ենք, որ անկախ և հուսալի գիտական տվյալները հստակ ցույց են տալիս ացետամինոֆենի [պարացետամոլի] ընդունումը չի առաջացնում աուտիզմ։ Մենք կտրականապես համաձայն չենք հակառակ պնդումների հետ և խորապես մտահոգված ենք այն առողջական ռիսկերով, որոնք դա [դեղամիջոցից հրաժարումը] կարող է առաջացնել ապագա մայրերի համար»,- ասված է ընկերության՝ BBC-ին տրամադրած հայտարարության մեջ։




